ՃՏՊ-ներից զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 8-ով. Սերգեյ Ղահրամանյան
«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր, Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը, այսօր մամուլի ասուլիսին ներկայացնելով ՃՏՊ-ների այս տարվա 5 ամիսների վիճակագրական տվյալները, նշեց, որ նախորդ տարվա համեմատ դրանք աճել են. աճել է նաև զոհերի թիվը՝ ութով:
Նա նշեց, որ մինչև 2016 թվականը զոհերի թվի նվազման միտում էր արձանագրվել:
«2018 թվականի առաջին հինգ ամիսներին եղել է 1362 պատահար, 114 զոհ, 1976 վիրավոր, իսկ 2019թ. առաջին հինգ ամիսներին եղել է 1663 պատահար, 122 զոհ և 2413 վիրավոր»,-հայտնեց նա:
Սերգեյ Ղահրամանյանը նշեց, որ թեև փետրվար ամսին վարչապետը գրառում էր կատարել, որ նվազել է զոհեր թիվը, սակայն հետո պարզվեց, որ այդ թիվն աճում է: Ըստ նրա՝ հաշվի առնելով վերջին 10 տարիների վթարների զոհերի թիվը, կարելի է ասել, որ ՃՏՊ-ներից միջին քաղաքի չափով մարդիկ են զոհվել, և թեև մենք կիսապատերազմական երկրում ենք ապրում, բայց դա ավելի շատ է, քան սահմանում եղած զոհերը:
Վթարների թվի աճը Սերգեյ Ղահրամանյանը պայմանավորեց մի քանի հանգամանքով, օրինակ՝ նախկինում «այլ» մեխանիզմներով վարորդական վկայական ստանալուց, անպատժելիության մթնոլորտից, խախտումների չարձանագրումից, համաներումից և այլն:
«Պետք է շուտ խաղի կանոններ սահմանել, այլապես մենք կունենանք այն, ինչ ունենք: Երթևեկության նման պայմանները մտածելու առիթ պետք է տան ղեկավարությանը»,-ասաց նա:
Նա նշեց, որ վերջին տարիներին վթարների թիվը աճում էր, որովհետև դա կապված էր ԱՊՊԱ-ի գործունեության հետ, բայց զոհերի թիվը նվազում էր, իսկ հետագայում ունեցանք նորից զոհերի թվի աճ:
Նա նշեց, որ որոշ վարորդներ իրենց օրենքից վեհ են պահում՝ շատացել են այն վարորդները, ովքեր հակահասարակական ձևով են մեքենաները վարում: Ըստ նրա՝ վարորդները ներքին համոզմունք ունեն, որ նորից համաներվելու են տուգանքները: