«Հրապարակ». Ի՞նչ էր պետք անել, որ հեղափոխությունը հաղթանակեր և չվերածվեր պարզ իշխանափոխության, որի ժամանակ փոխվում են անունները, բայց չի փոխվում ոչինչ
«Ի՞նչ էր հարկավոր անել, որ հեղափոխությունը հաղթանակեր ամենուր և չվերածվեր պարզ իշխանափոխության, որի ժամանակ փոխվում են անունները, բայց չի փոխվում ոչինչ։ Դրա համար հարկավոր էր ապրիլի 24-ից սկսած փոխել ոչ թե կոնկրետ մարդկանց, այլ մեխանիզմները, մթնոլորտը, հրահանգները, գործելաոճը։ Հարկավոր էր ոչ թե ազատվել նախկին կադրերից՝ կործանելով ամբողջական ինստիտուտներ ու համակարգեր, այլ հայտարարել, որ այսօրվանից ապրում ենք օրենքի ու օրինականության դաշտում՝ ով խախտի, հեռանալու է, պատժվելու է։
Հարկավոր էր ոչ թե շնչակտուր վազողի հոգեբանությամբ փոխել բոլոր ընտրովի մարմիններն ու դրանց ղեկավարներին, հալածել անցյալում աշխատած բոլոր պաշտոնյաներին ու գործիչներին, այլ նրանց արգելել հին մեթոդներով աշխատել, և անձերին փոխել միայն այն ժամանակ, երբ չէին ենթարկվի նոր կանոններին ու նոր սկզբունքներին։ Հարկավոր էր ոչ թե փորփրել անցյալի քրեական գործերն ու վերաբացել որոշ գործեր՝ ընտրովի մոտեցում դրսևորելով դրանց հանդեպ և երկակի ստանդարտներ կիրառելով, այլ գիծ քաշել անցյալի ու ներկայի միջև և ներման ակտ հրապարակել՝ այլևս անցյալին չվերադառնալու մտայնությամբ։
Անցյալին՝ ոչ միայն անցյալի քրեական ու քաղաքական դիպվածների շուրջ շոու սարքելու և վենդետայի տեսարաններ բեմականացնելու առումով, այլև անցյալի կենսակերպի, ամենաթողության, անպատժելիության, հանցավոր բարքերին չվերադառնալու առումով։ Վերջապես․ հարկավոր էր իրական համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտ հաստատել երկրում, որտեղ ոչ ոք թշնամի չէ, անգամ իշխանությունից հեռացված ռեժիմի ներկայացուցիչները, և որտեղ ստեղծագործական մթնոլորտ է ու համազգային սեր և հարգանք։ Նման մթնոլորտում երկիրը կզարգանար, և ներդրումներ էլ կլինեին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: