«Վրաց ժողովրդին պատժելու փորձ է». վրաց ընդդիմադիր գործիչը՝ ռուսական ավիաընկերություններին դեպի Վրաստան չվերթներ իրականացնելն արգելելու մասին
Վրաստանի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդներից Լևան Բերձենիշվիլին հայտարարել է, որ ռուսական ավիաընկերություններին դեպի Վրաստան չվերթներ իրականացնելն արգելելը «վրաց ժողովրդին պատժելու փորձ է», գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Անկասկած, Վրաստան տարեկան այցելող միլիոնավոր ռուս զբոսաշրջիկների բացակայությունը կազդի մեր տնտեսության վրա, սակայն դա ժամանակավոր երևույթ կլինի, քանի որ ռուս զբոսաշրջիկներին շատ շուտով կփոխարինեն այլ՝ ավելի վճարունակ երկրներից զբոսաշրջիկները»,- «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում ասել է Բերձենիշվիլին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության նկատառումներով և գործելու է ժամանակավոր:
Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։ Այն նաև կառավարությանը կարգադրում է Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն օգնել, որպեսզի վերադառնան Ռուսաստան։
Հիշեցնենք, որ Վրաստանում հինգշաբթի և ուրբաթ բողոքի ցույցեր են ընթացել. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց և այդտեղից ելույթ ունենալուց հետո:
Ավելի ուշ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը: