Վրացական որոշ սրճարաններ ռուս զբոսաշրջիկների համար իրենց ճաշացանկը թանկացրել են 20%-ով
Վրաստանի Բաթում քաղաքի «Գարդենս» սրճարանը որոշել է համարժեք պատասխան տալ ռուսներին իրենց տարածքների «20%-ն օկուպացնելու» համար և միացել է Թբիլիսիի իրենց գործընկերներին. այսուհետ ռուս զբոսաշրջիկների համար իրենց ճաշացանկը 20%-ով թանկ կլինի, հայտնում է apsny.ge-ն։
«Մենք, հավանաբար, միակ սրճարանն ենք Բաթումում, որ ռուսերեն ճաշացանկ չունի։ Վերջին իրադարձությունների հետ կապված՝ մենք որոշել ենք միանալ Թբիլիսիի մեր գործընկերներին, և այսուհետ ռուս զբոսաշրջիկների համար ճաշացանկը 20%-ով թանկ կլինի»,- նշված է սրճարանի հայտարարության մեջ։
Ի պատասխան Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալի շրջանների «օկուպացմանը»՝ իրենց ծառայության արժեքը բարձրացնելու որոշում էր ընդունել վրացական «Էզո» սրճարանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության նկատառումներով և գործելու է ժամանակավոր:
Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։ Այն նաև կառավարությանը կարգադրում է Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներն օգնել, որպեսզի վերադառնան Ռուսաստան։
Հիշեցնենք, որ Վրաստանում հինգշաբթի և ուրբաթ բողոքի ցույցեր են ընթացել. ընդդիմադիրները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում: Զանգվածային ցույցերը մեկնարկել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց և այդտեղից ելույթ ունենալուց հետո:
Ավելի ուշ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը: