«Փաստ». Ինչո՞ւ են ԼՂ հիմնախնդրի բանակցություններից վերադարձել դատարկ ճամպրուկներով. «Բոլթոնի պլան» գոյություն չունի, կամ, եթե կար, հրաժարվել են դրանից
«egnum.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով «Բոլթոնի պլան» գոյություն չունի, և Բաքուն ու Երևանը ցանկանում են պատերազմել:
Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո Բաքվի տեղեկատվական պորտալներից մեկը այն որակեց որպես «խորհրդակցական», պարզ դարձավ, որ ամեն ինչ այնպես չի գնացել, ինչպես ակնկալում էին որոշ փորձագետներ:
Դիվանագիտական պրակտիկայում խորհրդակցությունները միայն որոշվում են որպես բանակցային գործընթացի մի մաս, որի նպատակն է զարգացնել համատեղ մոտեցումը վեճերի կամ հակամարտությունների կարգավորման հարցում՝ վաղ փուլում դրանց բյուրեղացումը կանխելու համար: Սա նշանակում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի անձնական միջնորդությամբ Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում ապրիլյան հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի որոշակի կոնկրետ առաջարկներ (պատանդների փոխանակման, դիպուկահարների պատերազմին վերջ տալու և այլն), Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հակամարտող կողմերը փլուզել են Մոսկվայի այդ օրակարգը: Բայց արդյո՞ք ստեղծել են նորը:
Հնարավոր է, որ հակամարտող կողմերից մեկը ենթադրել է, որ ԱՄՆ-ն կսկսի ղարաբաղյան կարգավորման հարցում Մոսկվայից նախաձեռնությունը «վերցնել» և իր «ճանապարհային քարտեզը» կներկայացնի: Սակայն դա տեղի չունեցավ: Ընդ որում, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, ի տարբերություն իր ռուս գործընկեր Լավրովի, ընդհանրապես խուսափեց Մնացականյանի և Մամեդյարովի հետ հանդիպումներից ու բանակցություններից, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան «չափազանց ժլատ» համատեղ հայտարարությամբ:
Նրանք միայն տեղեկացրել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները «համաձայնության են եկել նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ» և արագ արձագանքելու և ռիսկերը նվազեցնելու համար «համամիտ» են ուղիղ կապի օգտագործման անհրաժեշտության հարցում:
Ի դեպ, նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ մի կապ չունի Բաքվի և Երևանի միջև անմիջական ուղիղ կապի ստեղծման հետ:
Սա հակամարտությունը լուծելու, այսպես կոչված, «ամերիկյան շրջանը» սկսելու լիակատար ձախողում է: Եվ ինչպե՞ս կարող է այն սկսվել, երբ «գործի մարդը»՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, հայտարարել է, որ «խաղի մեջ է մտնում» և «անհամբեր սպասում Վաշինգտոնում Մնացականյանի և Մամեդյարովի հետ հանդիպմանը»:
Արդյունքում Բոլթոնը միայն ծանոթացավ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հակամարտող կողմերի դիրքորոշումների հետ: Դրանից հեռու նա չգնաց:
Ներկայումս դժվար է ասել՝ արդյոք Բոլթոնը բլե՞ֆ էր անում, թե՞ Վաշինգտոնում տեղի է ունեցել մի բան, որը փչացրել է ամերիկացիների կողմից մշակված սցենարը: Ակնհայտ է, որ ղարաբաղյան, այսպես կոչված, «Բոլթոնի պլան» գոյություն չունի, կամ, եթե կար, հրաժարվել են դրանից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: