Ոստիկանությունը հարևանների կանչով ստուգել է Բորիս Ջոնսոնի բնակարանը
Ոստիկանությունն ստուգումներ է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնի բնակարանում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, իրավապահ մարմինները ժամանել են հարևանների կանչով, որոնք քաղաքական գործչի բնակարանում կնոջ բղավոցի ձայներ են լսել:
Ստուգումների ընթացքում ոստիկաններն անհանգստացնող ոչինչ չեն գտել: Միևնույն ժամանակ, հարևանները պնդել են, որ իրենց անհանգստացնում է տանը տիրող իրավիճակը: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնն ապրում է 31-ամյա ընկերուհու` Քերի Սայմոնդսի հետ, որն իրենից փոքր է 23 տարով:
Նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Ջոնսոնը բաժանվել էր կնոջից` Մարինա Ուիլերից, ում ձանձրացրել էին ամուսնու դավաճանությունները: Նշվում է, որ Ջոնսոնն ու Մարինան ունեն 4 երեխա, սակայն արտամուսնական կապից պաշտոնյան ունի ևս մեկ աղջիկ: