«Միսս Հնդկաստան» մրցույթի եզրափակչի մասնակիցների լուսանկարը քննադատությունների ալիք է բարձրացրել համացանցում
«Միսս Հնդկաստան» գեղեցկության մրցույթի եզրափակչի մասնակիցների համատեղ լուսանկարը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցցանցի օգտատերերի շրջանում՝ կապված բաց գույնի մաշկի հանդեպ Հնդկաստանի մոլուցքով:
Ինչպես հայտնում է CNN-ը, համապատասխան լուսանկարում, որը հրապարակվել է Times of India թերթում, 30 գեղեցկուհիներ են պատկերված, որոնք, թվում է, թե նմանատիպ բաց գույնի մաշկ ունեն:
1.3 մլրդ բնակչություն ունեցող երկրում, որտեղ բազմաթիվ բարբառներով խոսող տարբեր էթնիկ խմբեր են ապրում, համացանցի օգտատերերը քննադատել են գեղեցկության մրցույթի կազմակերպիչներին՝ պնդելով, որ նրանք միայն եվրոպական գեղեցկության չափանիշներին համապատասխանող մասնակիցների են ընտրում:
«Նրանց բոլորի վարսերը միանման են, և մաշկի գույնը՝ նույնպես, վստահ եմ, որ նրանց հասակն ու այլ չափանիշներ ևս միանման են», - գրել է օգտատերերից մեկը: