Արարատ Միրզոյանը ԵԽ-ի պատվիրակության հետ հանդիպմանը մանրամասնել է անցումային արդարադատության իր տեսլականը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Վերջինիս կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, քաղաքական խորհրդատու Մաքսիմ Լոնգանգը:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հանգամանալի ներկայացրել է Թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում զարգացող գործընթացները, անդրադարձել տարբեր ոլորտներում, այդ թվում` ընտրական, դատական, հարկային համակարգերում իրականացվող բարեփոխումներին, այն քայլերին, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության հետակա գարգացմանն ու քաղաքացիական հասարակության հետագա ամրապնդմանը: Արարատ Միրզոյանը հյուրերին մանրամասնել է անցումային արդարադատության իր տեսլականը:
«Մենք կարևորում ենք, որ տարվող բարեփոխումները կրեն ինստիտուցիանալ բնույթ, ինչը կապահովի որդեգրած քաղաքականության շարունակականությունը»,-ասել է Արարատ Միրզոյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Քրիստոս Ջիակումոպուլոսը նշել է, որ Հայաստան այցելության իրենց նպատակն է իշխանությունների և տարբեր գործընկերների հետ քննարկել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արդարադատության համակարգի անկախությունը, արդար դատաքննության իրավունքը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը: Ըստ նրա՝ իրավիճակի գնահատման արդյունքներով ԵԽ տարբեր կառույցները կառաջարկեն կարճաժամկետ և միջնաժամկետ փորձագիտական աջակցություն, կնախանշվեն համագործակցության հետագա ուղղությունները:
Երկուստեք արձանագրվել է բարեփոխումների գործընթացներում ներառականության ապահովման, տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության կարևորությունը:
Օրենսդիր մարմնի ղեկավարը երախտագիրություն է հայտնել Եվրոպայի խորհրդի կառույցներին` ամենատարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության, ինչպես նաև՝ հետագա փոխգործակցության պատրաստակամության համար: