Ռուսաստանում դատական ներկայացուցիչները պարտապանին հայտնաբերել են գերեզմանոցում՝ մահացած ձևանալիս
Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզի բնակիչը, որը երեխայի աջակցության համար նախատեսված գումարը (ալիմենտ) չվճարելով 200 000 ռուբլու պարտք էր կուտակել, դատական մարմնի ներկայացուցիչներից փորձել է թաքնվել գերեզմանոցում:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ դատական կատարածուների դաշնային ծառայությանը, տղամարդը պարբերաբար չի կատարել իր պարտականությունները, ինչից հետո նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել: Դատական մարմնի ներկայացուցիչները պարզել են, որ վերջինս աշխատում է գերեզմանատանը, և մեկնել են այնտեղ:
Այնտեղ տեղեկացել են, որ աշխատակիցը գերեզման է փորում: Վերջինս, տեսնելով իրեն մոտեցող կատարածուներին, երկար չմտածելով պառկել է փորած փոսում և փակել աչքերը: Սակայն երբ տվել են նրա անուն-հայրանունը, վերջինս ուշքի է եկել:
Նշվում է, որ նրա նկատմամբ կարող են գործ բացել «Երեխաների աջակցության համար նախատեսված միջոցները չվճարելու» հոդվածով: