Համոզված եմ՝ ցանկության դեպքում հնարավոր է գալ համատեղ որոշումների․ Լ․ Մակունցը՝ Օպերային թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
« «Ասում էին»-ի տիրույթում շատ հարցեր կարող ենք քննարկել, այնպես որ վարկածներով մենք չենք առաջնորդվում: Տարբեր վարկածներ կարող են լինել»։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն «իրենց մա՞րդն» է:
«Պատգամավորների քվեարկության դրդապատճառները նույնպես կարող են մեկնաբանությունների տեղիք տալ, իսկ այս պահին ունենք առաջադրված նոր թեկնածու, ում հետ հանդիպում կլինի, կհասկանանք: Թույլ տվեք նախապես կարծիք չհայտնել»,- ասաց նա՝ հավելելով, որ խմբակցությունը վերջնական դիրքորոշում չունի ՍԴ թեկնածուի հարցում։
Լիլիթ Մակունցը խոսեց նաև Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Հարցին, թե որպես մշակույթի նախկին նախարար՝ ինչպես է վերաբերվում թատրոնի շուրջ ծավալվող դեպքերին, նա հիշեցրեց, որ խոստացել է էթիկայի սահմաններում մնալ ու չմեկնաբանել իր իրավահաջորդների գործողությունները:
«Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին`ես համոզված եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է գալ համատեղ ինչ-որ որոշումների, պետք է բաց խոսել ու քննարկել բոլոր խնդիրներ»,-եզրափակեց Լիլիթ Մակունցը։