ՊՎԾ-ի կողմից ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների հիման վրա քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
ՀՀ ոստիկանությունում Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրություններով նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի և 310-րդ հոդվածի հատկանիշներով»,-ասաց նա:
ՀՀ ՔՕ-ի 310-րդ հոդվածը սահմանում է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, իսկ 311-րդ հոդվածը՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը որոշ ժամանակ առաջ հայտնել էր, որ 2019 թվականի մայիսի 7-ից սկսած ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ Ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։
Հիշեցնենք նաև, որ դրանք մեկնաբանել էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը` նշելով, որ ՊՎԾ-ի կողմից ներկայացրած պարզաբանումը կրում է պոպուլիստական բնույթ:
«Ես կոռեկտ չեմ համարում նրանց արած այդ արտահայտությունն այս փուլում: Ստուգումները դեռ չավարտած փորձում են ենթադրյալ մեղադրանքներ ներկայացնել ինչ-որ անձանց: Տեղեկանք ներկայացնելուց հետո միայն վերահսկողը կարող էր կարծիք ներկայացնել: Ըստ օրենքի՝ ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է ներկայացներ վարչապետին, թե ինչ է հայտնաբերել, նաև ոստիկանության կարծիքը պետք է ներկայացներ: Դրանից հետո վարչապետը կորոշեր՝ որ իրավակառույցը զբաղվի այդ հարցով, կա՞ խախտում, թե՞ չէ, դա վարչապետի որոշումը պետք է լիներ: Ինքը շտապեց և չհիմնավորված հայտարարություն արեց»,- ասել էր Օսիպյանը:
Ոստիկանապետին հաղորդագրությամբ պատասխանել էր ՊՎԾ-ն. «Հարցի իրավական կողմը բազմակողմանի ուսումնասիրելու փոխարեն ոստիկանապետն իրեն իրավունք է վերապահել հանդես գալու այնպիսի որակումներով, որոնք զուրկ են որևէ հիմքից և հարիր չեն պետական պաշտոնյային։
Միևնույն ժամանակ, պետական վերահսկողական ծառայությունը հորդորում է վարչապետի վերահսկողական գործառույթն ապահովող մարմնի ներկայացուցչի վերաբերյալ կարծիք հայտնելիս լինել առավել շրջահայաց և խուսափել չհիմնավորված որակումներ տալուց»։