Ռոհանին ԱՄՆ-ի կողմից առաջարկվող «դարի գործարքը» Պաղեստինի դեմ դավադրություն է որակել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանն ուղղված «դարի գործարքը» նպատակ ունի ոչնչացնել Պաղեստինի նպատակները, գրում է РИА Новости-ն:
«Դարի գործարքը դավադրություն է, որի նպատակն է խորտակել Պաղեստինի սպասելիքները և ընդլայնել շրջափակումն ու ոտնձգությունները բոլոր իսլամական երկրների նկատմամբ»,- ասվում է Ռոհանիի՝ Մեքքայում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստին մասնակցող ղեկավարներին ուղղված նամակում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում մշակված գործարքը վտանգավոր է, քանի որ դրա հեղինակները մտադիր են զրկել պաղեստինցիներին սեփական ճակատագիրը վճռելու և պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու իրավունքից:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ մտադիր է հունիսի վերջին Բահրեյնում տնտեսական համաժողով կազմակերպել, որպեսզի ներդրումներ ներգրավի դեպի պաղեստինյան տարածքներ, ինչն իրենց կողմից մշակված մերձարևելյան «դարի գործարքի» իրականացման առաջին քայլը կդառնա: Գործարքը, ըստ ամերիկյան կողմի, պետք է վերջ դնի իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը:
Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ամերիկյան ծրագիրը հանգեցնում է պաղեստինցիների կողմից իրենց պատկանող, բայց իսրայելցիների կողմից գրավված տարածքներից հրաժարվելուն, ինչպես նաև արաբական թագավորությունների կողմից պաղեստինյան պետության ստեղծմանն ուղղված ֆինանսական աջակցություն: ԱՄՆ-ի ծրագրի համաձայն՝ Պաղեստին պետության մի մասը պետք է գտնվի Սինայի թերակղզում:
Ծրագիրը Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք՝ չնայած, որ Պաղեստինը հույս ունի ապագայում անկախ պետություն ստեղծել և Երուսաղեմի կեսը դրա մայրաքաղաք հռչակել: Բացի այդ, ծրագիրը չի ենթադրում երկու առանձին պետությունների ստեղծման ձևաչափով հակամարտության լուծում:
Պաղեստինի իշխանություններն արդեն հայտնել են, որ չեն պատրաստվում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը, քանի որ նա ակնհայտ իսրայելամետ է, նախկինում դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշում է կայացրել՝ հայտարարելով, որ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի միասնական մայրաքաղաք: