Daily Mail-ն անդրադարձել է 10 տարի անազատության մեջ անցկացրած և այժմ Հայաստանում վայրի բնության գիրկն արձակված Դաշա արջին (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Դաշա անունով գորշ արջին, որն անազատության մեջ տասը տարի անցկացնելուց հետո Հայաստանում վայրի բնության գիրկն է արձակվել իր քոթոթների հետ միասին:
Տեսանյութում երևում է՝ ինչպես են մայրն ու քոթոթները՝ Լուկան և Կոկոն, հետաքրքրասիրությամբ ուսումնասիրում լեռնային մարգագետինը, իրենց համար միանգամայն անծանոթ տեղանքը:
Պարբերականը հիշեցնում է, որ Դաշան տասը տարի անցկացրել է Երևանի ռեստորաններից մեկի տարածքում՝ կիսով չափ ջրի մեջ ընկղմված վանդակում:
«Մինչ Դաշան քաղցած այսուայն կողմ էր անում վանդակում՝ փորձելով դուրս պրծնել այնտեղից, ռեստորանի հաճախորդները հանգիստ նստած ճաշում էին ու հետևում այդ տեսարանին»,-գրում է Daily Mail-ը:
Պարբերականը նշում է, որ կենդանու ճակատագիրը կտրուկ փոխվել է, երբ Daily Mail-ը տեղեկացել է պատմության մասին ու նյութ հրապարակել:
Արդյունքում ընթերցողները հազարավոր դոլարներ են նվիրաբերել Դաշայի և նույնպիսի վիճակում գտնվող մեկ այլ արջի փրկության համար: