Տեսչական մարմինների ղեկավարներն ու տեղակալները բարձրաստիճան պաշտոնատար անձինք չեն համարվում. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պարզաբանումը
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկության վերաբերյալ, թե ՀՀ-ում կան արտոնյալ պաշտոնյաներ, որոնք հայտարարագիր չեն ներկայացրել:
Հիշեցնենք, որ հրապարակված նյութում նշված էր, որ հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաների թվում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ու իր տեղակալներից Սամվել Սողոմոնյանը:
«Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա՝ 31․05․2019 թվականի համարում լույս տեսած «Հայաստանում դեռ կան արտոնյալ պաշտոնյաներ, որոնք հայտարարագիր չեն ներկայացրել» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ Հանրային ծառայության մասին օրենքի 32 հոդվածի առաջին մասով և 2019 թ․-ի մարտի 18-ի ՀՕ 3-Ն օրենքի 4- րդ հոդվածի մաս 6-ով հստակ ամրագրվում է, որ տեսչական մարմինների ղեկավարները և տեղակալները չեն համարվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ուստի չեն ներկայացնում գույքի և եկամուտների հայտարարագիր։
Հաշվի առնելով վերոգրյանը՝ հայտնում ենք, որ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմը էթիկայի հանձնաժողով հայտարարագրեր չներկայացնելով չի խախտում գործող օրենսդրության պահանջները։