Դպրոցում տղաները մեծ, ինքնուրույն թվալու համար ծխում են ու կախման մեջ ընկնում. Ալ. Բազարչյանը՝ առանց ծխախոտի համաշխարհային օրվա առիթով կազմակերպված քննարկման ժամանակ
Առանց ծխախոտի համաշխարհային օրվա առիթով այսօր Առողջապահության ազգային ինստիտուտում անցկացվեց քննարկում՝ ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի ներգործության վնասակար, մահացու հետևանքների ու կանխարգելման մեխանիզմների մասին:
Բանախոսները նախ ներկայացրին, որ ծխախոտն ազդում է թոքերի առողջության վրա, առաջացնում է՝ թոքերի քաղցկեղ, քրոնիկ շնչառական հիվանդություններ և այլն:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն ասաց, որ կան 7-8 դասարաններում սովորող տղաներ, որոնք մեծ երևալու համար սկսում են ծխել, բայց հետո չեն կարողանում հրաժարվել դրանից, ընկնում են կախման մեջ և որպեսզի դա տեղի չունենա հասարակության լայն շերտերին պետք է տեղյակ պահել վտանգների մասին:
Դասախոս, ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանի խոսքով՝ ծխելը բարձրացնում է նաև տուբերկուլյոզով հիվանդանալու հավանականությունը, բացասաբար է անդրադառնում բուժման ելքերի վրա:
Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագետ, ակադեմիկոս Սամվել Գրիգորյանն էլ ասաց, որ որպես նախկին ծխող ինքը կոչ է անում բոլոր ծխողներին կատարել առաջին քայլերը դեպի առողջ ու ազատ կյանք: Նա նշեց, որ երիտասարդության շրջանում ծխելը դիտարկվում է որպես սոցիալական նորմ, ինչը բնորոշ չէ արևմտյան երկրներին:
«Եվրոպայում ծխող երիտասարդի նկատմամբ վերաբերմունքը բացասական է, այդ մարդուն փորձում են օգնել, դրան վերաբերվում են որպես հիվանդություն, իսկ Հայաստանում, ցավոք, ամեն երկրորդ տղամարդ ծխում է ու դա որպես խնդիր չի ընկալվում»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ հանրային արշավներում կիրառվում են դենորմալիզացիայի գործիքներ, խոսում են ոչ միայն առողջության վրա ծխելու բացասական հետևանքների, այլև այն մասին, որ դա նորմալ չէ, նորմա չէ: «Մենք չենք դիտարկում հայկական քեֆերն առանց ծխելու: Սա մշակութային հարց է ու պետք է հասկանալ, որ այստեղ մեծ գումարներ են ծախսվում մեր գիտակցության վրա ազդելու համար»,- ասաց Սամվել Գրիգորյանը՝ ավելացնելով, որ ծխելը թողնելն այդքան էլ բարդ չէ:
Ներկաներից մեկը հարց բարձրացրեց՝ արդյոք ծխելու դեմ պայքարն սկսվելու է բժիշկներից. չէ՞ որ կան այնպիսի բժիշկներ, որոնք լինելով մարդու առողջության համար պատասխանատու, իրենց օրինակով քարոզում են ծխել, վիրահատությունից դուրս են գալիս ծխում են և այլն:
«Ծխող բժիշկներ, ցավոք, կան: Բավական բարդ է աշխատել նրանց հետ: Եթե բժիշկն իրեն պրոֆեսիոնալ է համարում, քաջ գիտակցում է, որ գոնե հիվանդանոցի տարածքում չպետք է վատ օրինակ ծառայի՝ ծխի: Պրոֆեսիոնալիզմի հետ կապված կասկածներ են առաջանում նման դեպքում»,- ասաց նա։
Սամվել Գրիգորյանը նշեց, որ ծխելու դեմ պայքարը պետք է տարվի բժշկի ու հոգեբանի աջակցությամբ, համապատասխան վերապատրաստումներ անցած մասնագետների աջակցությամբ, որոնք «շուտով կհայտնվեն Հայաստանում»:
Արուսյակ Հարությունյանն էր իր հերթին ասաց, որ Հայաստանում կա հասարակություն, որտեղ տղամարդկանց կեսից ավելին ծխող են ու, ցավոք, բժիշկները դրանց մի մասն են:
«Պայքարը պետք է լինի ծխախոտի դեմ, ոչ թե՝ ծխողի: Պետք է խիստ պայքարենք հիվանդանոցում, հիվանդի ներկայությամբ ծխելուն: Բժիշկը չպետք է նման բան անի: Ծխող բժիշկը խոչընդոտ է ծխախոտի դեմ պայքարին: Մենք հաղթանակած կլինենք այն ժամանակ, երբ ծխելը սոցիալական դասի պատկանելիության ցուցանիշ չլինի»,- մանրամասնեց նա:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն իր հերթին ասաց, որ ինքը զայրացած է ծխող բժիշկների վրա, բայց նշեց, որ նրանք ավելի շուտ ծխող են դառնում, քան՝ բժիշկ:
«7-րդ 8-րդ դասարանում տղան մի քիչ մեծ, մի քիչ ինքնուրույն թվալու համար ծխում է, ուզում են հոգեբանական խնդիր լուծել, բայց կախման մեջ են ընկնում: Հետո դառնում են բժիշկ ու չեն թողնում ծխելը, աշխատելով բժիշկ՝ ջանքեր չեն գործադրում, որ թողնեն ծխելը: Իրենց մեղքը սրանում է»,- ասաց Ալ. Բազարչյանը:
2016-2017թթ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության տվյալներով՝ ներկայումս ծխում է ՀՀ 18-69 տարեկան բնակչության 28%-ը, որոնցից գրեթե բոլորը ծխախոտ են օգտագործում ամեն օր: Ծխում է չափահաս տղամարդկանց կեսից ավելին՝ 52%-ը, իսկ կանանց միայն 2%-ը:
Եվրոպական տարածաշրջանի այլ երկրների համեմատ Հայաստանում դեռահաս ծխողների թիվը ցածր է: Ըստ ՀՀ առողջապահության համակարգի գործունեության գնահատման զեկույցի՝ 15-19 տարեկան տղաների 15%-ը, իսկ աղջիկների 0.4%-ը ծխում են ամեն օր:
Բազարչյանը նկատեց, որ ծխախոտի մասին օրենքը գտնվում է քննարկման փուլում, միաժամանակ քննարկումներ են տեղի ունենում տարբեր գերատեսչությունների հետ:
Ըստ նրա՝ կան տաքացման միջոցով օգտագործվող ապրանքատեսակներ, օրինակ՝ նարգիլեն, որը ծխախոտային ապրանքատեսակ լինելով նույնպես սահմանափակվելու է:
Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ կա էլեկտրոնային ծխախոտ, որ օրենքի նախագծով ենթարկվում է նույն սահմանափակումներին, ինչպիսին սովորական ծխախոտը: Միաժամանակ նա ասաց, որ կան փոխարկիչներ, որոնք բժշկական նշանակության են ու դրանց կարգավորումը կատարվում է որպես դեղորայք:
«Պետք է լինի հավասարություն բոլոր ծխախոտային ապրանքների հետ կապված լինեն ավանդական, թե նորարարական: Դրանք ունեն նույն վնասները, ուստի հարկային փիլիսոփայությունն էլ պետք է լինի նույնը»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը:
Արուսյակ Հարությունյանն էլ ավելացրեց, որ վիճակագրությամբ ծխողների մոտ 70%–ը ծխելը թողնելու փորձ է կատարում, բայց դրան չի նպաստում միջավայրը:
«Բժշկական տեսանկյունից ծխախոտի կախվածությունը համեմատելի է կոկաինի և հերոինի կախվածությանը: Շատ ուրիշ կախվածություններ կան, որոնք գուցե կարճաժամկետ հատվածում ավելի վտանգավոր են, բայց կախվածությունը ծխախոտից բավական բարձր է: Ծխողի որոշումը պետք է ստանա աջակցություն, որը կարող է լինել հանրության, ընտանիքի, միջավայրի ստեղծման, օրենքների միջոցով: Անհաջող փորձեր են լինում, որից հետո էլ չեն կարողանում նորից փորձել»,- նշեց Հարությունյանը: