Օհանավան, Կարբի և Ուշի համայնքների բնակիչները փակել են Աշտարակ-Ապարան-Վանաձոր ճանապարհը՝ հակակարկտային կայաններ հատկացնելու պահանջով (տեսանյութ)
15։54
Կարբիի համայնքապետ Կարո Բաղդասարյանը Աշտարակ-Վանաձոր միջպետական ճանապարհը փակած Կարբիի, Ուշիի և Օհանավանի բնակիչներին հավաստիացրեց, որ նախնական պայմանավորվածությամբ՝ հակակարկտային հրթիռները համալրվելու են, բայց թե դա երբ է լինելու ու ինչպես, հստակ պատասխան կլինի չորեքշաբթի. «Եթե մինչև այդ օրը օգտագործելու պահանջ լինի, եղած 20-30 հրթիռները կբավարարեն»:
Կարո Բաղդասարյանը կոչ արեց այս պահին բացել ճանապարհը:
Բողոքի մասնակիցները պնդեցին, որ պետական պաշտոնյաները, պատկան մարմինները արհամարհում են իրենց, սակայն թե՛ Կարբիի համայնքապետը և թե՛ ԱԻՆ ներկայացուցիչը հավաստիացրեցին, որ այդպես չէ և որևէ մեկն իրենց չի արհամարհում:
ԱԻՆ ներկայացուցիչը հավաստիացրեց նաև, որ հակակարկտային հրթիռների խնդիր չի լինի, խնդիրը լուծված է. «Եթե մինչև չորեքշաբթի օրը օր, ժամ չեն ասի, նորից կփակեք ճանապարհը»:
Բողոքի ցույց իրականացնողների հետ հանդիպման եկավ նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ով ասաց, որ խնդրին տեղյակ է հենց սկզբից, նա գյուղացիների բազմաթիվ հարցերին պատասխանեց՝ նշելով, որ ինքն «Աստված չէ, որ ասի՝ հենց հիմա հրթիռները բերեք ու բերեն»:
«Էդ հրթիռների համար ես դիմել եմ առաջին իսկ օրից, երբ գյուղում այդ քննարկումը եղել է: Երբ պատասխանը լինի, այդ ժամանակ էլ կլինի: Ինձնից հասնում է դիմել, դիմել եմ: Ասեք՝ ես ի՞նչ ֆունկցիա ունեմ, որ չեմ արել»:
15։14
Օհանավան, Կարբի և Ուշի համայնքների բնակիչները փակել են ճանապարհը՝ հակակարկտային կայաններ հատկացնելու պահանջով:
Նախորդ տարի համայնքներն ունեցել են 120 հակակարկտային կայան, սեզոնի կեսից օգտագործել են 80-ը և մնացել է 40-ը, սեզոնի սկսվելուն պես օգտագործել են 5-ը, մնացել է 35, որը նախատեսված է 2 միջին չափի ամպերի համար:
Բնակիչների խոսքով՝ մարդիկ հունիսին կանգնում են խնդրի առաջ:
Դիմել են ԱԻՆ, վարչապետին, մարզպետին, հիդրոպետի պետ Սարգսյանին և պատասխան չեն ստացել: