Կանադայում վիճակախաղով ավելի քան 5 մլն դոլար շահած հավաքարարը չի ցանկացել թողնել աշխատանքը
Կանադայի բնակիչ Վիտո Հալասանը, որը Ֆիլիպիններից Կանադա է տեղափոխվել 2009թ.-ին, իր ծննդյան 58-ամյակից օրեր անց վիճակախաղով ավելի քան 5 մլն դոլար է շահել, գրում է People հարթակը:
Վիտոն 3 երեխա և 4 թոռ ունի: Նա վիճակախաղի տոմսը գնել է՝ հույս ունենալով իր ընտանիքի համար լավ կյանք ապահովել, արդյունքում տղամարդը դպրոցի հավաքարարից մեկ ժամվա մեջ միլիոնատիրոջ է վերածվել:
Հետաքրքիր է, որ իր գլխին թափված միլիոններից հետո անգամ Վիտոն մտադիր չէ թողնել հավաքարարի աշխատանքը: Նա հայտնել է միայն, որ համեմատաբար կթեթևացնի աշխատանքային գրաֆիկը:
Հայտնի է, որ շահած գումարով տղամարդն ընտանիքի համար նոր տուն կգնի: