«Քանդե՛ք պատերը». Մերկելը թրոլլինգի է ենթարկել Թրամփին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեղինակավոր Հարվարդի համալսարանի շրջանավարտների առջև ելույթ ունենալու և ժամանակակից աշխարհի առջև ծառացած խնդիրների մասին խոսելու ժամանակ խորհուրդ է տվել «քանդել արհամարհանքի, տգիտության պատերն» ու «մերժել մեկուսացումը»:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Մերկելի ակնարկները, ամենայն հավանականությամբ, ուղղված են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ չնայած, որ կանցլերն իր խոսքում նրա անունը չի հիշատակել:
Դիմելով շրջանավարտներին՝ Մերկելն ասել է, որ աշխարհում նկատվում է մեկուսացման և պրոտեկցիոնիզմի աճ, որոնք վնասում են աշխարհի բարգավաճման հիմք հանդիսացող համաշխարհային առևտրին:
«Այժմ ավելի, քան երբևէ, մեր մտածողությունն ու գործողությունները պետք է միասնական, այլ ոչ թե առանձին, ավելի շատ գլոբալ, այլ ոչ թե ազգային լինեն»,-ասել է Մերկելը՝ ընդգծելով, որ մարդիկ պետք է քանդեն իրենց ուղեղներում եղած պատերը, որոնք տարբեր երկրների առաջնորդներին խանգարում են համագործակցել համաշխարհային մարտահրավերների հաղթահարման հարցում: