Հայաստանի ու Արցախի իշխանությունների համագործակցությանը, ովքեր էլ լինեն ՀՀ-ում ու Արցախում, դատապարտված են ամենասերտ համագործակցության․ Ա․ Միրզոյան
«Լավ եմ վերաբերվում պարոն Հարությունյանին, մենք բազմիցս ունեցել ենք տարբեր հանդիպումներ և քննարկումներ ամենատարբեր հարցերի շուրջ»։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին ՀՀ իշխանությունների կողմից հնարավոր աջակցության վերաբերյալ լուրերին։
«Կարող եմ ասել, որ պարոն Հարությունյանը համարում է, որ Հայաստանում ընթացած հեղափոխությունը և ընթացող ժողովրդավարական գործընթացներն այլընտրանք չունեն և միմիայն աննախադեպ լավ արդյունքների են հանգեցնելու Հայաստանի ու Արցախի համար»,- շարունակեց նա։
ՀՀ ԱԺ նախագահն, արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ակնարկել էր, որ Արցախում պետք է աջակցեն այն ուժերին, ովքեր աջակցում են Հայաստանում տեղի ունեցած գործընթացները, այժմ Արայիկ Հարությունյան ամեն ձև փորձում է ցույց տալ, որ աջակցում է, Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ սովորական գործընթացին այլ երանգավորում է տրվում։
«Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Հայաստանն ու Արցախը պետք է X ճանապարհով ընթանան, կան մարդիկ, որ Y ճանապարհի կողմնակից են։ Հիմա դուք ասում եք, որ այս X ճանապարհի դիրքորոշումը կիսողներից մեկն այնպես է անում, որ իրեն աջակցություն լինի։ Մարդը մտածում է, որ այս ժողովրդավարական գործընթացներն անշրջելի ու լավ են ՀՀ ու Արցախի համար, իսկ դուք ինչ-որ կոմբինացիաներ եք մտածում։ Կարծում եմ՝ այստեղ խոսքն անկեղծ համագործակցության մասին է»,- ընդգծեց ԱԺ նախագահը։
Արարատ Միրզոյանը շեշտեց՝ ՀՀ -Արցախ համագործակցությունը միշտ սերտ է լինելու՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանություն։
«Հայաստանի ու Արցախի իշխանությունների համագործակցությանը, ովքեր էլ լինեն ՀՀ-ում ու Արցախում, այդ իշխանությունները դատապարտված են ամենասերտ համագործակցության՝ հանուն մեր ազգի բարօրության»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։