ԱԺ-ն քննարկում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը
ԱԺ-ում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նախագծվ առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը։
Նախագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախագծով սահմանվում է անմիջականորեն խաղասրահի միջոցով կամ կատալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանի և Մեղրիի տարածքում, այն էլ սահմանված վայրերում։
Ըստ նրա՝ ներկայումս նման վիճակախաղերի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, բնակավայրերի մարդաշատ վայրերում, որը վիճակախաղերով հրապուրելու վտանգ է ստեղծում, հատկապես ՀՀ սոցիալական վիճակը հաշվի առնելով։
Նաև նախատեսում է սահմանափակումներ, որ ամուսինները կարող են դատական կարգով արգելել միմյանց մուտք գործել խաղասրահ, նաև տարիքային սահմանափակում է դրվում՝ 21 տարին լրացված անձինք կարող են մտնել խաղասրահ, ինչպես նաև կանխիկով գործարքի հնարավորություն գրեթե չի տրվում, և դա հնարավոր է թույլատրված բեթշոփերի պարագայում։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ Կառավարության կողմից նախագիծն ստացել է դրական եզրակացություն և բյուջեի վնասն աննշան է արձանագրել։ Հանձնաժողովի անդամների կողմից եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են։
«Հավելեմ նաև, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի նոյեմբեր ամսից, բայց դա չի վերաբերելու ավտոմատացված այն ապարատներին, որոնք գազալցակայաններում են տեղադրված, որոնք բողոքի ալիք են բարձրացրել։
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ օրերս Բաղրամյան պողոտայում քաղաքացիներ են հավաքվել, որոնց հիմնական բողոքի առարկան եղել են հենց այս ապարատները։
ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանը նկատեց, որ հատկապես բողոքներ են հնչում, որ աշխատատեղեր են փակվելու և հետաքրքրվեց, թե կա վերլուծություն, թե ինչ քանակ է դա կազմում։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ ոլորտը գտնվում է վատ վիճակում, և յուրաքանչյուր ուսումնասիրությունից չեն կարողանում հստակ թիվ ասել, շուրջ 1300 աշխատող կարող է լինել ոլորտում, և մոտ 700 աշխատակցի կարող է վերաբերել։ Միաժամանակ նա ասաց, որ ՀՀ-ում մոտավորապես 63 000 մարդ համարվում է խաղամոլ: Նրանցից շուրջ 3000 մոլի խաղացող են: