Ընդամենը 2 րոպե. Մեծ Բրիտանիայում գողերն ապշեցուցիչ արագությամբ հափշտակել են բացօթյա սրճարանի գույքը (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի Ուեսթ Լանքաշիր կոմսության Ռայթինգթոն շրջանում գողերը գրեթե 2 րոպեում թալանել են սրճարանի՝ դրսում գտնվող գույքը և արագ հեռացել, գրում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ տեղի ժամանակով ժամը 06:00-ի սահմաններում: Անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է սպիտակ ֆուրգոնը մոտենում «Սպիտակ առյուծ» սրճարանի բակային հատվածին, որտեղ սեղաններ ու աթոռներ են տեղադրված:
Մեքենայից ամբողջությամբ սև հագած 3 տղամարդ է դուրս գալիս: Նրանցից առաջինը ցանկապատից այն կողմ է ցատկում և զարմանալի արագությամբ կահույքի պարագաները փոխանցում իր հանցակցին: Վերջինս իր հերթին սեղաններն ու աթոռները փոխանցում է երրորդ գողին, որը դրանք տեղավորում է ֆուրգոնում:
Ամբողջ գործողությունը տեղի է ունենում 2 րոպեի ընթացքում, որից հետո ֆուրգոնն արագ հեռանում է: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել, սակայն գողերի ինքնության մասին դեռևս որևէ տեղեկություն չի բացահայտվել:
Սրճարանից ընդհանուր առմամբ 3 սեղան և շուրջ 15 աթոռ է գողացվել, որոնց ընդհանուր արժեքը 2500-3700 դոլար է գնահատվում: