Բրազիլիայում տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով նախագահի նոր որոշման դեմ (լուսանկարներ)
Բրազիլիայի տարբեր հատվածներում տասնյակ հազարավոր ուսանողներ, ակադեմիկոսներ և ուսուցիչներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքի ցույցեր կազմակերպելով երկրի նախագահ Ժայիր Բոլսոնարուի նոր որոշման դեմ:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, որոշումը վերաբերում է կրթական ոլորտում սպասվող ֆինանսական կրճատումներին: Նշվում է, որ կառավարության կրճատումների հետևանքով առավելապես տուժելու են դաշնային համալսարանները:
Պարբերականը հիշեցնում է, որ Բոլսոնարուի կառավարությունը զայրույթի բուռն ալիք է առաջացրել հանրության շրջանում, երբ ապրիլի 30-ին հայտարարել է կառավարության կողմից ֆինանսավորվող ավագ դպրոցներին և համալսարաններին տրամադրվող գումարի չափն առնվազն 30%-ով կրճատելու որոշման մասին:
Ցուցարարները կառավարությանը կոչ են անում վերանայել որոշումը՝ ընդգծելով, որ «կրթությունը ոչ թե ծախս է, այլ ներդրում»: