«Իրանը հարձակվել է Պարսից ծոցում արաբական լցանավերի վրա, որպեսզի բարձրացնի նավթի գինը». Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանն Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքային ջրերում 4 լցանավի նկատմամբ հարձակում է իրականացրել, որպեսզի համաշխարհային շուկայում բարձրացնի նավթի գինը, գրում է Reuters գործակալությունը:
Պետքարտուղարի խոսքով՝ հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում փաստեր կներկայացվեն, որոնք կապացուցեն, որ նավերի նկատմամբ հարձակումների ետևում Թեհրանն է:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ԱՄԷ-ի արևելյան ափին գտնվող Ֆուջեյրա նավահանգստում տարբեր երկրների պատկանող առևտրային նավերի նկատմամբ հարձակում էր իրականացվել, ընդ որում՝ դրանցից 2-ը Սաուդյան Արաբիային պատկանող նավթատար լցանավեր են եղել:
Ավելի ուշ Պենտագոնը հայտարարել էր, որ հարձակումն իրականացվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից: Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը հարցը քննարկելու նպատակով արաբական աշխարհի առաջնորդների մասնակցությամբ Մեքքայում արտահերթ գագաթնաժողով էր հրավիրել, որից հետո առաջնորդները միջազգային հանրությանն Իրանին դիմակայելու վերաբերյալ կոչով են հանդես եկել: