Ծիծաղելի կլինի, եթե ես ասեմ՝ այդպիսի բան չկա. Նարինե Թուխիկյանը՝ փոխնախարար նշանակվելու մասին
Ես դեռ 6 օր ժամանակ ունեմ՝ հետ վերցնելու իմ հրաժարականի դիմումը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:
Անդրադառնալով նոր կազմավորվող Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունում փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկ ստանալուն՝ Նարինե Թուխիկյանն ասաց. «Ծիծաղելի կլինի, եթե ես մերժեմ, ասեմ՝ այդպիսի բան չկա։ Բայց դեռ ժամանակ կա մի քիչ էլ մտածելու։ Օրենքը թույլ է տալիս մեկ շաբաթ ևս մտածել։ Ես սպասում եմ, որ տեսնեմ, թե վեց օրվա ընթացքում ինչ իրավիճակներ կփոխվեն իմ մտքում, սրտում։ Ո՛չ բացառում եմ գնալը, ո՛չ բացառում եմ մնալը»:
Լրագրողները Նարինե Թուխիկյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք միավորված նախարարությունը կկարողանա լուծել մշակույթի ոլորտի խնդիրները և այդ առումով մտահոգություններ չունի՞, Նարինե Թուխիկյանը պատասխանեց. «Եթե կար մշակույթի առանձին նախարարություն, այնպես չէ, որ բոլորս երջանիկ էինք»:
Հիշեցնենք, որ Նարինե Թուխիկյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին: Նրան «Իմ քայլի» համամասնական ցուցակում հաջորդում է ՀՀ կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ի անդամ Արթուր Հովհաննիսյանը, ով Tert.am-ի հետ զրույցում ընդգծել է, որ մանդատը վերցնելու որոշում ունի: