«Խայտառակություն է, երբ պահպանողական գործիչները սահմանափակում են կանանց իրավունքները». Թրյուդոն քննադատել է հղիության արհեստական ընդհատումները սահմանափակող օրենքները
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի՝ Կանադա կատարած աշխատանքային այցի շրջանակում քննարկել է հղիության արհեստական ընդհատումների շուրջ ստեղծված տարակարծությունները, հաղորդում է CNN-ը:
«Ես խիստ մտահոգված եմ Կանադայում, Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում պահպանողական շարժումների կողմից կանանց իրավունքների սահմանափակմամբ»,- ասել է Թրյուդոն:
Հայտնի է, որ նրա և ԱՄՆ փոխնախագահի հայացքներն այդ հարցի շուրջ խիստ տարբերվում են. Փենսը դեմ է հղիության արհեստական ընդհատումներին, մինչդեռ Թրյուդոն դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ արտահայտել էր իր դիրքորոշումը՝ ասելով, որ «վաղուց անցել են այն օրերը, երբ տարեց տղամարդիկ որոշում էին՝ ինչպես պետք է կինը վարվի սեփական մարմնի հետ»:
Կանադայի վարչապետի մոտ այս հարցի վերաբերյալ մտահոգությունները հատկապես ի հայտ են եկել օրերս ԱՄՆ Լուիզիանա նահանգում օրենքի ընդունումից հետո, որով հղիության արհեստական ընդհատումներն արգելվում են հղիության արդեն 6-րդ շաբաթից հետո:
«Խայտառակություն է այն, որ ավելի ու ավելի պահպանողական կառավարություններ և քաղաքական գործիչներ խլում են կանանցից այն իրավունքները, որոնք նրանք ձեռք են բերել մեծ դժվարությամբ՝ տարբեր սերունդների երկար պայքարի արդյունքում»,- ընդգծել է վարչապետը:
Հայտնի է, որ Կանադան այն քիչ երկրներից է, որտեղ հղիության արհեստական ընդհատումները սահմանափակող ազգային որևէ օրենք չի գործում:
Թրյուդոն պնդում է, որ այս տարվա աշնանը երկրում դաշնային ընտրությունների ժամանակ Պահպանողական կուսակցության հաղթանակի դեպքում այս հարցի հետ կապված սահմանափակող օրենքներ կընդունվեն:
Չնայած դրան՝ պահպանողականների առաջնորդ Էնդրյու Շիրը հայտարարել է, որ հարցի շուրջ վեճեր հրահրելու մտադրություն չունի, սակայն կողմ է դրանք արգելող օրենքներին՝ հավելելով, որ Թրյուդոյի Լիբերալ կուսակցության կողմից հարցը «կանադացիների միջև երկպառակություն ստեղծելու նպատակով օգտագործելը նողկալի» է: