Խնդրում եմ, դեռահասներին մի՛ վաճառեք ծխախոտ, օրական առավելագույնը 200 դրամ եք շահելու․ Է․ Առաքելյանը՝ տնտեսվարողներին
ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի ելույթը Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվա առիթին էր նվիրված, որն անցկացվում է մայիսի 31-ին։ Պատգամավորը հայտարարեց, որ հիմա պատմական փոփոխությունների շեմին են կանգնած։
«Ներկայում գործող օրենսդրության մեջ առկա բացերը թույլ են տալիս, որ Հայաստանում տարվող ծխախոտային ագրեսիվ գովազդը` քողարկված գովազդը, ծխախոտի ցածր գինը և դրաց տեղակայումը քաղցրավենիքի կողքին, ծխախոտի վրա նախազգուշացնող նկարների բացակայությունը նպաստեն ծխելու տարածվածության խնդրի խորացմանը: Արդեն պատրաստ է Առողջապահության նախարարության կողմից առաջարկված օրենսդրական նախագիծը, որով ոլորտում նախատեսվում են հավելյալ կարգավորումներ. ամենաէականը` ծխելու արգելքն է փակ տարածքներում` ռեստորաններում, բարերում»,-ասաց պատգամավորը:
Էդգար Առաքելյանը նշեց, որ Հայաստանը հարուստ երկիր չէ, այս ոլորտում օրենսդրական կարգավորումները հեռու են կատարյալ լինելուց, բայց, ըստ նրա, սա դեռ չի նշանակում, թե անկատար, թերի օրենքների պատճառով պետք է շարունակի տուժել բնակչությունը, նրանց առողջությունը:
Պատգամավորը կոչով դիմեց դեռահասներին․«Եթե դեռ չեք սկսել ծխել, սակայն մտածում եք այդ մասին, հանեք ձեր մտքից: Եթե արդեն ծխում եք, ուշ չէ հրաժարվելու համար: Տնտեսվարողներին ուղղակի խնդրում եմ` վաղուց արդեն գործում է օրենսդրական նորմը, որ դեռահասներին չպետք է ծխախոտ վաճառել: Խնդրում եմ որևէ պատճառաբանությամբ մի՛ վաճառեք: Այդ վաճառքից օրական առավելագույնը 200 դրամ եք շահելու, դեռահասներին մի վաճառեք ծխախոտ»,-նշեց նա:
Այնուհետև դիմելով պատգամավորներին` Էդգար Առաքելյանը հիշեցրեց, որ իրենց մանդատ է տրվել, որպեսզի բարելավեն քաղաքացիների ոչ միայն սոցիալ-տնտեսական վիճակը, այլ նաև կյանքի ընդհանուր որակն ու առողջ շրջապատ ունենալու նախապայմանը:
«Ավելին, մենք արդեն ուշացել ենք, մեր հարևան երկրներից շատերն արդեն թևակոխում են ծխախոտի օգտագործման դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների վերջին փուլ: Իսկ մենք դեռ շարունակում ենք քննարկել, թե ինչպես անել, որ սահմանափակումները մեղմ լինեն, որ չտուժի ծխախոտի արդյունաբերությունը և դրանից հավաքվող հարկերը»,-ասաց պատգամավորը: