Հրապարակվել է Ջոն Ռեմբոյի մասին պատմող մարտաֆիլմի վերջին մասի թրեյլերը (տեսանյութ)
Հրապարակվել է Ջոն Ռեմբոյի մասին պատմող 5-րդ և վերջին ֆիլմի թրեյլերը: Այն տեղադրվել է Lionsgate Movies ֆիլմարտադրող ընկերության յութուբյան ալիքում:
«Ռեմբո 5. Վերջին արյունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 20-ին: Ֆիլմի նախորդ մասը թողարկվել էր 2008թ.-ին: Նախորդ մասի սյուժեով՝ Վիետնամական պատերազմի վետերան, ամբողջ աշխարհում դժվարին առաքելություններ կատարող հատուկջոկատային Ջոն Ռեմբոն վերադառնում է Արիզոնայում գտնվող ռանչո՝ հոր մոտ: Ֆիլմի վերջին մասի գործողությունները նույնպես կծավալվեն այդ վայրում:
Նոր կինոնկարում հերոսը, որին մարմնավորում է հայտնի հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն, կպայքարի մեքսիկական մաֆիայի դեմ, կփրկի իր ծանոթուհու առևանգված թոռնուհուն և կանանց կազմակերպված առևանգումների մի ամբողջ ցանց կբացահայտի:
Ջոն Ռեմբոյի մասին պատմող մարտաֆիլմերի շարքը նկարահանվել է՝ սկսած 1982 թվականից։ Ֆիլմերի գլխավոր հերոսը՝ Ջոն Ռեմբոն, հորինվել է ամերիկացի գրող Դեյվիդ Մորելի կողմից: