Ի վերջո ի՞նչ կմնա «կլասիկ» պատգամավորից, եթե այդ պատգամավորը կլասը քցի․ «Իմ քայլի» պատգամավորը պարզաբանեց՝ ինչու է ամբիոնին մոտեցել 1 բաժակ մածունով
ԱԺ երեկվա նիստին բուհերը քաղաքականացնելու վերաբերյալ Էդմոն Մարուքյան-Հովհաննես Հովհաննիսյան բանավեճը բավականին բուռն էր. թեման շարունակվեց նաև այսօր։
ԱԺ ամբիոնին մոտեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ իր հետ բերելով մի բաժակ մածուն։
Դանիելյանը նշեց, որ ինքը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է, առաջարկը ստացել է ավելի վաղ, քան արտահերթ ընտրությունների օրն էր որոշված՝ կապված իր գիտական կրթական գործունեության հետ։ Նա նաև ասաց, որ ինքը շատ պատասխանատու է վերաբերվում խնդրին, որ բուհը չքաղաքականացվի։
Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի երեկվա ընտրությանը, Դանիելյանը նշեց. «Բարձր ստանդարտներից, շահերի բախումից է խոսում պարոն Մարուքյանը, բայց այդպես էլ չասեց՝ թեկնածուներից որևէ մեկի հետ առնչություն ունի՞, թե՞ չէ: Ես երկուսի հետ էլ որևէ անձնական կապ չունեմ»,-ասաց նա։
Համազասպ Դանիելյանը նշեց, թե պարոն Մարուքյանը «հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին», երբ ասում է, որ պառլամենտի թեմաների ժամանակ չպետք է օգտագործել այլ թեմաներ։
«Իմ քայլի» պատգամավորը նաև հիշեցրեց երկու օր առաջ այս ամբիոնից ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ելույթը, ով ասում էր, որ պետք է ժամանակ չվատնենք, կառուցողական լինենք, կամուրջներ կառուցենք։ «Կամուրջներ ո՞նց կառուցես այն մարդկանց հետ, ում խոսքը հավասարվում է ջրի: Ջրի վրա կամուրջ չեն կառուցում»,-ասաց նա և ևս մեկ անգամ կոչ արեց, մնալ կառուցողականության և փաստերի շրջանակներում։
«Ի վերջո՝ ի՞նչ կմնա «կլասիկ» պատգամավորից, եթե այդ պատգամավորը կլասը քցի և կլասը վերանա, տակը ի՞նչ կմնա»,-ասաց նա և բացատեց, թե ինչու է ամբիոնին մոտեցել մեկ բաժակ մածունով։
«Քանի որ դուք սիրում եք դեֆորմացնեք հարցերը՝ կոստյում և այլն, ես սրանով ձեզ կոչ եմ անում այս աշխատանքային միջավայրը չթունավորել»,-եզրափաակեց նա։