Երուսաղեմի կենտրոնում զինված պաղեստինցին 2 մարդու է դանակահարել, Իսրայելի իշխանությունները կատարվածը որպես ահաբեկչություն են որակել
Երուսաղեմի պատմական կենտրոնում զինված տղամարդը դանակահարել է երկու անձի, գրում է Times of Israel պարբերականը:
Հարձակումը տեղի է ունեցել Հին քաղաքում և Դամասկոսյան դարպասների մոտ, որտեղ ուրբաթ հարյուր հազարավոր մուսուլմաններ կհավաքվեն՝ մասնակցելու սուրբ ամսվա՝ Ռամադանի վերջին զանգվածային աղոթքին:
Հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Զինված անձը նախ դանակահարել է 50-ամյա տղամարդու, ապա 16 տարեկան դեռահասի: Վերջինիս հաջողվել է փախչել դեպքի վայրից դեպի մոտակա սինագոգ, որտեղ նրան օգնություն են ցուցաբերել, մինչդեռ մյուս դանակահարվածի վիճակը ծանր է:
Հարձակում կատարած անձը սպանվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Հաղորդվում է, որ նա 19-ամյա պաղեստինցի է: Հարձակման դրդապատճառներն անհայտ են:
Իսրայելի իշխանությունները կատարվածը որպես ահաբեկչություն են որակել: