Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը Սաակաշվիլիին համեմատել է Տերմինատորի հետ
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Մուրաևը մեկնաբանել է Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինա վերադարձը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղադրելով համապատասխան լուսանկար:
«Հանցագործը միշտ ցանկանում է վերադառնալ հանցանքի վայր: Բայց այսպես, երկրորդ անգամ, կարող են վերադառնալ միայն Տերմինատորն ու Սաակաշվիլին»,- գրել է Մուրաևը:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Ուկրաինա է վերադարձել մայիսի 29-ին: Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքական գործչին էր վերադարձրել քաղաքացիությունը:
Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել էին 2017թ. ամռանը՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: Սաակաշվիլին, նույն թվականի աշնանը հատելով սահմանը, մեղավոր էր ճանաչվել ապօրինի գործողությունների համար և արտաքսվել էր Լեհաստան: