Dragon տիեզերանավը Երկիր մոլորակ կվերադառնա հունիսի 3-ին` ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելման փորձարկումներով
Ամերիկյան SpaceX ընկերության Dragon տիեզերանավը Միջազգային տիեզերակայանից կվերադառնա հունիսի 3-ին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով ՆԱՍԱ-ին:
«SpaceX ընկերության Dragon տիեզերանավը 1,9 տոննա կարևոր գիտական փորձարկումներով հունիսի 3-ին կվերադառնա Երկիր մոլորակ: ՆԱՍԱ-ն մտադիր է ուղիղ եթերում ներկայացնել կատարվող իրադարձությունները: Dragon-ը վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում` Կալիֆոռնիայի ափից շուրջ 32 կմ հեռավորության վրա»,- գրված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ մինչ այժմ Dragon-ը միակ տիեզերանավն է, որը հնարավորություն ունի Միջազգային տիեզերակայանից բեռ հասցնել Երկիր մոլորակ: Այս անգամ նա իր հետ կբերի տիեզերքում անցկացված ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելման և տիեզերքի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա փորձարկումների արդյունքները: