ՌԴ-ում չեն հասկանում, որ մեծ փողերը մեծ պատասխանատվություն են, հայկական մտածելակերպն ուրիշ է դարձնում. հոլանդացի հոգեվերլուծաբանը Ռ. Վարդանյանի օրինակով խոսել է հայերի մասին
Հայտնի հոլանդացի հոգեվերլուծաբան, Եվրոպական INSEAD բիզնես դպրոցի առաջնորդության զարգացման կենտրոնի տնօրեն Մանֆրեդ Քեթս դե Վրիսը РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի աշխատանքային և մարդկային որակներին, որի մասին նա գրել է իր «Ռուսական բիզնեսի նոր առաջնորդները» գրքում:
«Ես շատ եմ հարգում Ռուբենին և նրա կնոջը՝ Վերոնիկային, այն բանի համար, որ նրանք այնպիսին չեն, ինչպիսին ձեռնարկատերերի մեծամասնությունը: Ռուսաստանում սովորաբար չեն հասկանում, որ մեծ փողերը նաև մեծ պատասխանատվություն է: Ռուսաստանում հարուստները ժլատ են. նրանք չգիտեն՝ ինչի վրա գումար ծախսել, սակայն շարունակում են կուտակել: Իսկ Վարդանյանը փորձում է ինչ-որ լավ բան անել նաև ռուս հասարակության համար: Գուցե նա ուրիշ է իր հայկական ծագման շնորհիվ», - շեշտել է վերլուծաբանը:
Հոլանդացին հիշել է նաև, որ անցյալ տարի դասախոսության է մասնակցել Երևանում, շփվել տեղացիների հետ: «Ինձ մոտ հիպոթեզ է ձևավորվել, որ օսմանյան ցեղասպանությունը սովորեցրել է հայերին գնահատել մարդկանց, որոնք օգնում են մյուսներին, փրկում են ինչ-որ բանից: Եվ ժողովրդի մտածելակերպում ամրապնդվել է այն հասկացությունը, որ ինչ անում ես ուրիշների և մարդկության համար, կորած չէ. դա ներդրում է քո սեփական կյանքում: Դա շատ օգտակար միտք է», - հավելել է դե Վրիսը: