Տուժող կողմի հետ հաշտվելու քայլ չի արվել, տարբեր միջնորդություններով միայն հետաձգվում է դատարանի որոշումը. ՃՏՊ-ի հետևանքով զոհի փաստաբան (տեսանյութ)
2017 թվականի օգոստոսի 4-ին Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարի գործով տուժողի՝ Գեղամ Սարգսյանի իրավահաջորդի փաստաբան Վահագն Գասպարյանը անհիմն է համարում պաշտպանական կողմի հայտարարությունները, թե տուժողին՝ Սուրեն Ջեյրանյանին, պանդատ են պահում՝ խափանման միջոց կալանքը չփոխելով:
«Դա իրենց կարծիքն է, իրականում դատարանը կատարում է օբյեկտիվ քննություն: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար հիմքեր կան, իսկ մեղքը հիմնավորվում է տարբեր փորձաքննություններով ու նախնական տրված ցուցմունքներով: Այս պահին մեղադրյալը նաև սուտ մատնության համար է մեղադրվում, քանի որ կողքի նստած անձնավորության հետ կապված սուտ մատնություն է արել, թե նա է ղեկին եղել»,- ասաց նա:
Գասպարյանը նկատեց, որ վթարից հետո նրան փախուստի են դիմել՝ անպաշտպան թողնելով նաև երեխային: Նրա խոսքով՝ այս ընթացքում պաշտպանական կողմը որևէ հաշտության քայլ չի արել, տուժող կողմին որևէ փոխհատուցում չի տվել և այլ: Նա պատմեց, որ երեխան վիրահատություններ է տարել, վերականգնող կուրս է անցնում, բայց լումա անգամ տուժող կողմին չի տրվել:
«Մի անգամ հիվանդանոց են գնացել ու ասել, որ եթե բան պետք լինի, ապա կարող են դիմել, բայց հետադարձ որևէ կոնտակտ չեն թողել: Սրանից հետո որևէ գործողություն չի եղել»,- ընդգծեց Վահագն Գասպարյանը:
Ինչ վերաբերում է պաշտպանական կողմից մի քանի անգամ գործը նախագահող դատավորներին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերին, Գասպարյանը նշեց. «Միանշանակ կասեմ, որ որևէ ոչ անաչառ քննության մասին խոսք լինել չի կարող: Կողմերի իրավունքն է միջնորդություններ ներկայացնելը, բայց օբյեկտիվ գնահատական տվող յուրաքանչյուր մարդ կգտնի, որ ինքնաբացարկի կարիք չկար: Վերջին մոտավորապես 3 ամիս քննում են ինքնաբացարկի միջնորդություն ու խափանման միջոցի փոփոխություն, որոնք մերժվում են»,- ընդգծեց նա:
Վահագն Գասպարյանը նկատեց, որ հենց տարբեր և մեկը մեկի հետևից մերժվող միջնորդությունների պատճառով է հետաձգվում դատական վճիռը:
Նշենք, որ 2017 թվականի օգոստոսի 4-ի վթարի հետևանքով զոհվել էր Գեղամ Սարգսյանը, իսկ նրա չորսամյա որդին ստացել էր ծանր մարմնական վնասվածքներ:
Վթարի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների վարչության նախկին պետ, կոչումով գնդապետ Սամվել Ջեյրանյանի որդուն՝ Սուրեն Ջեյրանյանին, ով վթարից հետո փախել էր դեպքի վայրից:
Ջեյրանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), 244-րդ հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) և 333-րդ հոդվածի 1-ին մասի (սուտ մատնություն) հատկանիշներով: