Եկամուտների հայտարարագրումը պետք է սկսել խոշորներից. խնդիրը նրանց մեջ է, ոչ թե արտագնա աշխատանքով ընտանիք պահողների. տնտեսագետ
Քաղաքացիների եկամուտների հայտարարագրումը տեխնիկական իմաստով լուծելի է: Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Հայկ Բալանյանը՝ խոսելով ՊԵԿ նախագահի հայտարարության մասին, թե այդ գաղափարը միշտ եղել է, բայց տեխնիկապես հիմա է հնարավոր այն իրականացնել:
«ՊԵԿ-ի ղեկավարությունից ավելի լավ ոչ ոք չգիտի՝ պատրաստ են, թե ոչ: Եթե զուտ տեխնիկական հագեցվածության մասին է խոսքը, ապա ինչ-որ անլուծելի խնդիր չէ, օնլայն խաղեր կան, որտեղ տասնյակ միլիոնավոր մարդիկ են խաղում՝ բարդ գրաֆիկայով ու տվյալների փոխանակման մեծ ծավալներով, և սերվերները դիմանում են: Մեր հարկային էլեկտրոնային համակարգը ինչո՞ւ պիտի «չքաշի» այդ խնդիրը: Զուտ տեխնիկական և լուծելի խնդիր է, որը կարող են և պարտավոր են լուծել»,- ասաց Հայկ Բալանյանը:
Տնտեսագետի խոսքով՝ խնդիրը զուտ հայտարարագրումը չէ, խնդիրն այն է, որ առանց չհարկվող շեմի ու սոցիալական բնույթի, հարկային համակարգը չի ընկալվում լեգիտիմ: «Եկամուտների հայտարարագրման գործընթացի հաջողության հիմքը ներդրվող կարգի լեգիտիմ լինելն է: Եթե բնակչությունն ընդունի, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ են, հասկանալի են, ապա համակարգը կգործի: Եթե օրենքն ընդունվի այնպես, որ բնակչությունը համարի այն ոչ լեգիտիմ , ապա ամեն մի հավելյալ դրամ հարկային գումար բերելու համար ՊԵԿ-ը համարժեք ծախսելու է, ու օրենքն իմաստազրկվելու է»,- նշեց Հայկ Բալանյանը:
Տնտեսագետն ասաց, որ պիտի ընդունվեն այնպիսի փոփոխություններ, որ դրանց հավելյալ մուտքերը բյուջեի համար չառաջացնեն ո՛չ լրացուցիչ ֆինանսական ծախսեր, ո՛չ քաղաքական կամ սոցիալական լարվածություն:
«Այս իմաստով չհարկվող շեմի և հայտարարագրմանը զուգահեռ սոցիալական բաղադրիչի գաղափարներն է պետք կիրառել, որ հայտարարագիրն իմաստ ունենա: Հակառակ դեպքում համընդհանուր բոյկոտ է լինելու, որը կիմաստազրկի փոփոխությունները: Ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը, «խոշորներից սկսե՛ք»: Խնդիրը խոշորների մեջ է, ոչ թե արտագնա աշխատանքով ընտանիք պահողների: Ես կարծում եմ, որ հաշվի առնելով իշխանությունների հետագա հայտարարությունները՝ այդ գիտակցությունը կա, մնում է իրականացնեն:
Եթե հստակ սահմանեն չհարկվող շեմը, ընտանիքի անդամների, խնամառուների հաշվարկով նվազեցումները ու հարկվող եկամուտը ձևավորվի իսկապես որպես նվազագույն կենսամակարդակը ապահովող եկամուտը գերազանցող, նաև կիրառվի ողջամիտ սահուն սանդղակ, ապա համակարգը կգործի: Եթե ոչ, ապա միայն կխթանի խախտումները, ստվերը, ու լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր կառաջացնի: Համընդհանուր հայտարարագիրն ընտիր բան է, և պարտադիր պիտի ներդրվի, բայց այդ ռիսկերը պետք է հաշվի առնվեն»,- մանրամասնեց Հ. Բալանյանը: