Բոլորը համոզվա՞ծ են՝ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Բոլորը համոզվա՞ծ են՝ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյոք Մանվել Գրիգորյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչպես պնդում են նրա փաստաբանները, ովքեր ահազանգում են նաև այն մասին, որ Մանվել Գրիգորյանի կյանքը վտանգված է, կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի:
«Այդ հարցով դիմե՛ք դատական ու քննչական մարմիններին: Հիմա մարդիկ կան, որ գրավով ազատ են արձակվել, հետո կալանավորվել են: Դա իրավական գործընթաց է:
Եթե չեմ սխալվում, դատաբժշկական փորձաքննություն նշանակվել է, և եզրակացություն եղել է: Թող դատարանն ու քննչական մարմինը որոշեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե փորձաքննության արդյունքները ևս փաստում են, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Այս պահին իմ ձեռքի տակ չկա փաստ, որը վկայում է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն անհամատեղելի է նրա կալանքի հետ»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյոք վարչապետի պաշտոնակատարի կարծիքով ինքը կարողացել է չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանից եկող վտանգը, քանի որ վերջինս չի մասնակցում ընտրություններին, իսկ մամուլը, քաղաքական գործիչները նրա անվան հետ կապում էին հակահեղափոխության հնարավոր օջախները, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Մենք ոչ մեկին չենք չեզոքացնում, բոլորն իրենք իրենց են չեզոքանում։»