Որևէ մեկը երբեք չի կարողացել փաստ ներկայացնել, թե մեզանից մեկը ծառայություն է մատուցել նախորդ ռեժիմին. Էդմոն Մարուքյան
Տեսակետ կա, որ այս ընտրություններին ՀՀԿ-ը ներկայանում է 2 դեմքով՝ «Լուսավոր Հայաստանի» և ՀՀԿ-ի, քանի որ ԼՀԿ ցուցակում ընդգրկված են մարդիկ, որոնց անունները կապվում էին նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի հետ։
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ասուլիսի ժամանակ հնչած այս հարցին պատասխանեցին ԼՀԿ ցուցակի առաջին 3 անդամները։
Առաջինը Մանե Թանդիլյանն էր՝ ԼՀԿ ցուցակի 2-րդ համարը, որն ասաց. «Որևէ տեսակի փաստարկ, բնականաբար, չկա, ու որևէ մեկին չի հաջողվել ունենալ ու ցույց տալ, իսկ մեր քաղաքացիները վեր են սև PR-ի ու բամբասանքների մակարդակից, և այդ դաշտում չէ, որ որոշում ենք կայացնում։ Բազմաթիվ մարդկանց հետ եմ առնչվում, որոնք հիացած են Էդմոն Մարուքյանի գործունեությամբ»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ երբ 2012 թ.-ին ընտրվեց, դա մի բան էր, որ հնարավոր չէր անել. «Երբ մարդիկ մի բան տարիներ շարունակ ասում են, թե հնարավոր չէ անել, բայց ինչ-որ մեկն անում է, ասում են՝ այ, մի բան այն չէ։ Այն հեղափոխությունը, որը պրն. Փաշինյանի գլխավորությամբ իրականացվեց, դա էլ էր բոլորիս համար անսպասելի, բայց հիմա էլ են ասում,թե մի բան կա։ Որևէ մեկը ԼՀԿ-ի կամ նրա անդամների մասին որևէ փաստ երբեք չի կարողացել ներկայացնել, թե մեզանից որևէ մեկը ծառայություն է մատուցել նախորդ ռեժիմին»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքացիները բոլորին շատ լավ գիտեն։
Արման Բաբաջանյանն էլ, որը ԼՀԿ ցուցակի 3-րդ համարն է, հայտարարեց, թե ինքը հեղափոխության օրերին նաև որպես մեդիայի ղեկավար է աջակցել Փաշինյանին և նրա կողմնակիցներին։
«Ավելին՝ սեպտեմբերին բանակցություններ էին ընթանում «Ելք»-ի գործընկերների հետ՝ միասին գնալու այս ընտրություններին, բայց համաձայնությունը չեղավ հենց նույն գաղափարական տարաձայնությունների պատճառով։ Ըստ իս՝ պատեհապաշտություն կլիներ հանուն մանդատների, հանուն իշխանության մաս կազմելու, ընդամենը խորհրդարանում հայտնվելու համար մաս կազմել իշխանության, երբ դու այլ տեսլական և ուղերձ ունես հանրությանը»,- եզրափակեց Արման Բաբաջանյանը։