Չինաստանը «վիրավորական» գովազդի պատճառով բոյկոտ է հայտարարել Dolce & Gabbana-ին. դիզայներները ներողություն են խնդրել
Չինական առցանց խանութներն իրենց կայքերից հեռացրել են իտալական հեղինակավոր Dolce & Gabbana բրենդի ապրանքները, ինչը կապված է օրերս նորաձևության տան հրապարակած սկանդալային գովազդային տեսահոլովակի հետ:
Ինչպես նշում է The Guardian-ը, խոսքն այն հոլովակի մասին է, որում ոտքից գլուխ Dolce & Gabbana հագած չինուհի մոդելը փորձում է փայտիկներով իտալական պաստա, պիցցա ու այլ կերակրատեսակներ ուտել:
Բազմաթիվ աստղեր, օգտատերեր, նորաձևության բլոգերներ հայտարարել են, որ հոլովակը ռասիստական է ու վիրավորական չինացի ժողովրդի նկատմամբ:
Սկանդալի ֆոնին ընկերությունը ստիպված է եղել չեղարկել Շանհայում ծրագրված նորաձևության ցուցադրությունը:
Իրավիճակն է՛լ ավելի է բարդացրել բրենդի համահիմնադիր Ստեֆանո Գաբանայի ինստագրամյան գրառումներից մեկը, որում նա Չինաստանը «կեղտի կտոր» է անվանել:
Ստեղծված իրավիճակում դիզայներներ Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան հանդես են եկել հայտարարությամբ, որում ներողություն են խնդրել չինացիներից՝ վստահեցնելով, որ մեծ հարգանքով են վերաբերվում թե՛ երկրին, թե՛ ժողովրդին: Նրանք նաև խոստացել են, որ այլևս երբեք նման բան տեղի չի ունենա:
Հայտնի է, որ չինական շուկան էական նշականություն ունի նորաձևության տան համար: Չինացի գնորդներն ամբողջ աշխարհում լյուքս դասի հագուստ սպառողների 1/3-րդ մասն են կազմում: