ՈւԵՖԱ-ն ուշանում է Չեմպիոնների լիգայում VAR-ն ընդգրկելու հարցում. Անչելոտի
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ մրցավարների համար նախատեսված տեսակրկնությունների համակարգը (VAR) պետք է որքան հնարավոր է շուտ ընդգրկել Չեմպիոնների լիգայում:
«Կարծում եմ, որ ՈւԵՖԱ-ն արդեն ուշացել է VAR-ի հարցում: Հիմա նրանք խոսում են, որ դա կարող է խնդիր առաջացնել մրցավարների համար, որոնք դեռ փորձ չունեն աշխատելու տեսակրկնությունների համակարգի հետ:
Սակայն VAR-ը հիմա ընդգրկելու դեպքում մրցավարները բավարար փորձ ձեռք կբերեն փլեյ-օֆֆում աշխատելու համար:
Վերջին շրջանում շատ սխալներ են եղել: Եթե առաջնությունում սխալ է լինում, դուք սխալն ուղղելու ժամանակ ունեք, սակայն Չեմպիոնների լիգայում ակումբը պարզապես դուրս է մնում մրցաշարից:
Չեմ կարող ասել, որ Ա Սերիայում տեսակրկնությունների համակարգի ընդգրկումը վատ միտք էր: Իհարկե, եղել են որոշ բացասական պահեր, սակայն վերջ ի վերջո որոշումն ընդունում է մրցավարը: VAR-ը պարզապես ցույց է տալիս մրցավարին այն, ինչ նա պարզապես չէր կարող տեսնել:
Որոշումները միշտ էլ լինելու են սուբյեկտիվ: Կարծում եմ, որ VAR-ը պետք է շատ օգտագործել»,- ասել է իտալացի մասնագետը Radio Kiss Kiss Napoli-ին տված հարցազրույցի ժամանակ: