IFAB-ն առաջարկել է փոփոխություններ մտցնել փոխարինման և հետխաղյա 11-մետրանոցների կանոնակարգում
Ֆուտբոլային միությունների միջազգային խորհուրդն (IFAB) առաջարկել է մի քանի փոփոխություն մտցնել խաղի կանոնների մեջ, հաղորդում է BBC Sport-ը:
1. Ֆուտբոլիստները, որոնց փոխարինում են, պետք է լքեն խաղադաշտը մոտակա եզրային կամ ճակատային գծից, այլ ոչ թե գնան դեպի տեխնիկական գոտի: Դրա օգնությամբ կազմակերպությունը ցանկանում է կրճատել այն ժամանակը, որը կողմերը ծախսում են փոխարինումների ժամանակ:
2. Առաջարկվում է փոփոխել հետխաղյա 11-մետրանոցների ձևաչափը: Թիմերը կիրացնեն 11-մետրանոցները ոչ թե հերթականությամբ, այլ «ABBA» սխեմայով:
3. Ավելի մանրամասն ձևակերպել «ձեռքով խաղ» հասկացությունը:
4. Սեփական դարպասին նշանակված 11-մետրանոցի ժամանակ դարպասապահները կարող են մեկ ոտքը թողնել դարպասային գծի վրա:
5. Թիմերը կարող են խաղարկել ազատ հարվածը սեփական տուգանային հրապարակից:
6. Ակումբների պաշտոնական դեմքերը ոչ մարզական պահվածքի համար կարող են պատժվել դեղին կամ կարմիր քարտով:
Կանոնակարգում փոփոխություններ մտցնելու վերջնական որոշումը կընդունվի 2019 թվականի մարտին: