Գիտեմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ. Ռոջեր Ֆեդերեր
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ամփոփելով 2018 թվականը, նշել է, որ գոհ է մրցաշրջանի արդյունքներից.
«Հիանալի մեկնարկեցի մրցաշրջանում: Ավստրալիայի Բաց առաջնությունում լավ հանդես եկա, և այժմ անհամբերությամբ եմ սպասում Ավստրալիա վերադարձիս: Մրցաշրջանի ընթացքում պարտություններ եմ կրել այնպիսի խաղերում, որոնք կարող էին այլ ընթացք ունենալ:
Օրինակ՝ Ինդիան-Ուելսում Խուան Մարտին դել Պոտրոյի հետ հանդիպմանը բաց թողեցի մատչ-փոինթի հնարավորությունը, իսկ Ուիմբլդոնում նույնը տեղի ունեցավ Կևին Անդրեսոնի հետ խաղում: Ամեն դեպքում չեմ զղջում մրցաշրջանի արդյունքների համար: Գիտեմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ և նոր մրցաշրջանից առաջ վստահ եմ սեփական ուժերիս վրա:
Ձեռքիս վնասվածքի պատճառով որոշ խնդիրներ ունեի մրցաշրջանի երկրորդ հատվածում: Այդ խնդիրներն ուժեղ մրցակիցների դեմ խաղերի վճռորոշ պահերին դանդաղեցնում էին իմ գործողությունները: Վառ օրինակ է Ուիմբլդոնում Անդերսոնի հետ հանդիպումը:
Ցավեր եմ զգացել նաև Ամփոփիչ մրցաշարի ժամանակ: Հույս ունեմ՝ նախամրցաշրջանային փուլում կբուժեմ վնասվածքս»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերել է Tages Anzeiger-ը: