«Ռուսաստանը դեռ չի վճարել բելառուսներին Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ Կալուգայում կառուցված օբյեկտների համար». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է կառավարությունից հստակեցնել Ռուսաստանում և Թուրքմենստանում բելառուսների կատարած շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարի հաշիվներն ու ստանալ դեռևս չվճարված վարձատրությունը, գրում է ТАСС գործակալությունը:
Ըստ Լուկաշենկոյի՝ և՛ Թուրքմենստանը, և՛ ՌԴ-ն մինչ օրս չեն վճարել պարտքը:
«Ինձ զեկուցում են, որ մինչ օրս ստացված չէ Գառլիկի (Թուրքմենստան- tert.am) լեռնահարստացման կոմբինատի կառուցման գումարը: Ես սպասում եմ այդ հարցի լուծմանը: Բացի այդ՝ ռուսները դեռ չեն վճարել Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ Կալուգայում կառուցված օբյեկտների համար», - ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը շեշտել է, որ կառավարությունը պետք է անմիջապես ներգրավված լինի այդ խնդիրների լուծման գործում և գործով զբաղվողներին խրախուսել է անհրաժեշտության դեպքում դիմել երկրի արտաքին գործերի նախարարություն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իրենց ներկայացուցիչներին: