Նոր Զելանդիայի Հարավային ու Հյուսիսային կղզիները երկրաշարժից հետո իրար են մոտենում
Նոր Զելանդիայի երկու հիմնական՝ Հարավային ու Հյուսիսային կղզիները 2016թ. տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո սկսել են մոտենալ իրար:
Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի գլխավոր երկրաբանական ծառայությունը պարզել է, որ երկու տարի առաջ Հարավային կղզում տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո երկու կղզիների միջև հեռավորությունը կրճատվել է 5 մ-ով:
Գիտնականներն արձանագրել են, որ դրանց մոտեցման գործընթացը շարունակվում է: Մասնագետները նշել են, որ իրենց չի հաջողվել հասկանալ՝ որ գործոններն են ազդում այս գործընթացի վրա:
Նրանք ընդգծել են, որ ցամաքային զանգվածների մոտեցումը կշարունակվի առաջիկա տարիներին, սակայն դրա արագությունը կնվազի:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ հզոր երկրաշարժը որոշ հատվածներում դարձել է ցամաքի մակերևույթի՝ 8 մ-ով բարձրանալու պատճառ: