Հեղափոխությունը չի կարող բացասաբար ազդել տնտեսական աճի, ներդրումների ցուցանիշի վրա. Տիգրան Խաչատրյան
Փոքր և միջին բիզնեսը մեր հատուկ ուշադրության տակ է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:
«ՓՄՁ-ն տնտեսական օգուտներ է ապահովում մասնակիցների համար: ՓՄՁ աջակցությունը նպատակ ունի առաջին հերթին բարձրացնել ֆինանսական միջոցների հասանելիությունը, որովհետև նրանք խոցելի են, կրճատել ՓՄՁ-ների համար առկա ռիսկերը, որոնք տեղեկացվածության պակասով են պայմանավորված»,- նշեց Տ. Խաչատրյանը:
Հարցին՝ այս ամիսների ընթացքում որքա՞ն ներդրում է կատարվել, արդյոք հեղափոխությունը նպաստե՞լ է ներդրումների աճին, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Հեղափոխությունը չի կարող բացասաբար ազդել տնտեսական աճի, ներդրումների ցուցանիշի վրա: Հեղափոխությունը բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, հավասար մրցակցություն: Սրանք այն գործոններն են, որոնք կարող են և պետք է ապահավեն բարենպաստ միջավայր: Երկարաժամկետ առումով սա կունենա իր ազդեցությունը: Հեղափոխության ազդեցությունը պետք է դիտարկել երկարաժամկետ տեսանկյունից, ոչ թե կարճաժամկետ»:
Նա շեշտեց՝ ցուցանիշները վստահաբար լինելու են բարձր, իսկ թե երբ՝ 2019թ.-ի՞ն, թե՞ 2020թ.-ին, նախարարի պաշտոնակատարը հորդորեց սպասել:
Խոսելով Թեղուտի հանքի շահագործման մասին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ճիշտ կլինի հարցերն ուղղել տվյալ կազմակերպությանը, որը զբաղվում էր շահագործմամբ, բայց մանրամասնեց. «Կային մետաղների գների ավելի բարձր սպասումներ, քան արձանագրվել է: 2 տարի շարունակ գները ցածր են եղել, իրենք ավելի քան 150 միլիոն դոլար չեն ստացել այս պատճառով: Ռիսկը շուկայական է եղել: Կազմակերպությունը, որը ֆինանսավորել է ծրագիրը՝ ռուսաստանյան բանկը, իրավունքներ է ձեռք բերել այն պատճառով, որ դրանք չեն սպասարկվել այնպես, ինչպես ակնկալվում էր: Գիտեմ, որ եղել է նաև տեխնիկական խնդիր: Զուգադիպել են տեխնիկական ու ֆինանսական խնդիրները»: