«Լուսավոր Հայաստանի» ռեյտինգը Երևանի ավագանու ընտրությունների համեմատ կկրկնապատկվի. Էդմոն Մարուքյան
Երևանի ավագանու ընտրություններից հետ, այո, մեծ փոփոխություններ եղել են, օրինակ՝ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում քննարկվել է մի նախագիծ, որի օգտին քվեարկել են ՀՀԿ–ն, ԲՀԿ- ն ու ՀՅԴ-ն, իսկ այդ նախագծի «դեմն առել ենք» մենք։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ինչ իրողություն է փոխվել ավագանու ընտրություններից հետո, որտեղ ԼՀԿ-ն անցողիկ շեմն էլ չէր անցել, իսկ 2-րդ ուժը ԲՀԿ-ն էր, հայտնի է նաև, որ հանրապետության ընտրողների հիմնական հատվածը Երևանում է։
Մարուքյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները պետք չէ համեմատել Երևանի ավագանու ընտրությունների հետ, քանի որ այն այլ տրամաբանությամբ էր։
«Ավագանու ընտրություններին հռետորաբանությունը տարբեր էր, վերջին հաշվով ունեցանք նաև սև ու սպիտակի պատմությունը, աշխատում էր համամասնական ընտրության տրամաբանությունը և այլն։ Հիմա, կարծում եմ, որ ավելի գաղափարական ու ապագային միտված ընտրություններ ենք ունենալու, իսկ ավագանու ընտրությունը նրա մասին էր՝ պետք է խորհրդարանը լուծարվի, թե ոչ։ «Լուսավոր Հայաստանի» ռեյտինգը եթե այդ ընտրությունների ժամանակ, ենթադրենք, 10 տոկոս էր, ապա հիմա կկրկնապատկվի, հետևաբար, եթե այդ ընտրության ժամանակ 3-րդ ուժն էր, ապա հիմա 2-րդը կլինի»,- ասաց նա։
Ըստ Մարուքյանի՝ պատկերը կփոխվի, եթե մասսայական ընտրախախտումներ լինեն, ընտրակաշառք բաժանվի, ինչը Մարուքյանը բացառում է, քանի որ վստահ է, որ իրավապահ համակարգն հավուր պատշաճի աշխատելու է։
Tert.am-ի հարցին, թե 2017 թ-ին «Լուսավոր Հայաստանը» մասնակցել է ընտրություններին «Ելք» դաշինքով, Երևանի ավագանու ընտրությանը՝ «Լույս» դաշինքով, և սա առաջին խոշոր ընտրությունն է, որին առանձին են մասնակցելու, արդյո՞ք օգուտ, թե՞ վնաս կտա՝ հաշվի առնելով, որ դու անցողիկ շեմ է ունեցել նաև մյուս քաղաքական ուժերի էլեկտորատը, Մարուքյանը պատասխանեց, թե իր ցանկացած հայտարարություն արվում է նոր իրողության համապատասխան։
«Նախկին ընտրություններում քաղաքական միավորները հասկացել են, որ եթե առանձին քաղաքական միավորներով շարժվեն առաջ՝ ընդդեմ Հանրապետականի ռեժիմի, ունենալու են ֆիասկո։ Սրա գիտակցումը բերեց նրան, որ ստեղծվեց Ելք» դաշինքը, որի համար բոլորս հպարտ ենք։ Այն ժամանակ պետք էր համախմբվել, իսկ հիմա չկա ռեժիմ, չկա համախմբման կարիք, հետևաբար ցանկացած ֆորմատ, որը մենք կստեղծեինք, լինելու էր արհեստական։ ԼՀԿ-ն ու մյուս բոլոր ուժերը հիմա բացառիկ շանս ունեն, ինչո՞ւ չօգտվեն։ Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա ասեմ, որ գիտեք՝ շատ կարճ ժամանակում իմացանք, որ «Ելք»-ի մեր գործընկերը ցանկանում է առանձին մասնակցել, և որոշեցինք ստեղծել նոր բրենդ»,- շարունակեց Էդմոն Մարուքյանը։
Անկախ իրադարձություններից՝ Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ իրենց համար համագործակցության դռները փակ ու սպառված չեն, սակայն իրենք տարբեր են։ Մարուքյանը շեշտեց, որ իրենք տարբեր են եղել նաև «Ելք»-ի ներսում և ունեցել են տարբեր մոտեցումներ։
«Մեր դեբատների արդյունքում է, որ ծնվել են լուսավոր գաղափարներ, այդ դեբատները հիմա պետք է լինեն հրապարակային։ Ժամանակին դեբատները եղել են փակ՝ ֆրակցիայի կամ դաշինքի ներսում, իսկ ապագայում կտեսնեք 7-րդ գումարման ԱԺ-ում»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։