Բելառուսում կայանալու է ԵԱՏՄ վարչապետերի հանդիպումը․ ՀՀ պատվիրակության ղեկավարը լինելու է Արարատ Միրզոյանը
Նոյեմբերի վերջին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունենալու ԵԱՏՄ վարչապետերի հանդիպումը, ՀՀ պատվիրակության ղեկավարը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին լուրը հաստատեցին փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակից:
«Հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 27-ին Մինսկում: Հայաստանյան պատվիրակության ղեկավարը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է»,- նշեցին գրասենյակից:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լարվածություն է նկատվում Հայաստան-Բելառուս հարաբերություններում՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ: Մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ պատմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի պահվածքին, ասել էր, որ ինքը զարմացած է, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ:
«Ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: