ՌԴ ՔԿ-ն հրապարակել է 2015-ին Սիրիայում կործանված ռուսական Սու-24-ի խոցման վայրի զննության տեսանյութը
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հրապարակել է 2015 թվականին ռուսական Սու-24 ինքնաթիռի և փրկարարական ուղղաթիռի կործանման վայրերում իրականացված զննության տեսանյութը:
ՌԴ ՔԿ-ի YouTube-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում երևում են ինքնաթիռի և ուղղաթիռի բեկորները, ինչպես նաև գրոհայինների դիրքերը, որտեղից հարվածներ էին հասցվել ռուսական Սու-24-ին:
Ավելի վաղ Ռուսաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել 9 գրոհայինի նկատմամբ, որոնք կապ ունեն Սու-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի և փրկարարական գործողության մասնակցած ծովային հետևակ Ալեքսանդր Պոզինիչի մահվան հետ:
Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո խիստ սրվել էին ռուս-թուրքական հարաբերությունները: Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։
Սակայն 2016-ի ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։