Էրիկ Գրիգորյանն աշխատել է «Լիդիանի» համար. բնապահպանները աղմուկ բարձրացրին նախարարությունում և փոխանցեցին իրենց «նվերը» (տեսանյութ)
Այսօր բնապահպանության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումից հետո մի քանի բնապահպաններ աղմուկով բարձրացան նախարարություն և դժգոհեցին, որ իրենց ավելի վաղ ներս չէին թողնում:
Նրանք պահանջեցին հանդիպում նախարարի հետ՝ «լայվով», և նշեցին, որ իրենց հարցումներին նախարարությունն ամբողջական և բավարար պատասխաններ չեն տալիս, իսկ նախարարությունից պարզաբանեցին, որ ամեն մի կազմակերպությունից մեկ հոգի են ներս թողել։
Բնապահպան Անի Խաչատրյանը բղավում էր, որ իրենք շատ հարցեր ունեին նախարարի պաշտոնակատարին: Նա նշեց, որ նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը աշխատել է մի կազմակերպությունում, որը «Լիդիանի» համար կոնսուլտանտ է եղել, այսինքն՝ ըստ էության աշխատել է «Լիդիանի» համար։
«Մենք ունենք տեղեկություններ, որ նախարարն իր մասնակցությունն է ունեցել ինչ-որ ուսումնասիրությունների: Մենք ուզում էինք նախարարից հարցնել, թե ինչ կասի դրա մասին, արդյոք դա շահերի բախում չէ, երբ ինքը հիմա «թևերը փռած» «Լիդիանին» է պաշտպանում: Նրանք թիթեռ են գրում, սրանք թիթեռ են ջնջում կարմիր գրքից, վերացնում են հետքերը»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը համաձայնեց իրենց ընդունել, բայց առանց լրատվամիջոցների, առանց տեսանկարահանման, սակայն բնապահպանները պահանջում էին միայն «լայվով» հանդիպում, և այսպիսով հանդիպումը չկայացավ, սակայն բնապահպանները Էրիկ Գրիգորյանին փոխանցեցին իրենց «նվերը»՝ Տանձուտի հանքավայրից մի շիշ թթվածնի դրենաժ և Թեղուտի ու Ախթալայի պոչամբարներից լցվող տիղմը:
«Էրիկին մենք մարտահրավեր ենք նետում՝ գնացեք այս տանձուտի հանքավայրի հարյուր տարվա թթվային դրենաժը, որ փորձեք կանխել, հետո նոր խոսացեք Ամուլսարի թթվածնի դրենաժարի կանխումից, որը հարյուրապատիկ ավել շատ է լինելու և ավելի երկար ժամանակ»,-ասաց նա
Բնապահպան Լևոն Գալստյանն ասաց, որ սա շատ կարևոր հարց է և հանք շահագործող և պետական մարմինները պետք է ապացուցեն, որ հանքի շահագործումը վնաս չի տալիս: