«Եվրոպան սեփական Դոնալդ Թրամփին ընտրելու վտանգի տակ է». Հիլարի Քլինթոն
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախազգուշացրել է Եվրոպային լուծել ներգաղթի հետ կապված հարցը, հակառակ դեպքում`ամեն ինչ կավարտվի նրանով, որ այնտեղ կընտրվի «սեփական» Դոնալդ Թրամփը:
Քաղաքական գործիչն այդ մասին ասել է The Guardian պարբերականի հետ զրույցում՝ մանրամասնելով, որ միգրացիոն ճգնաժամը գրգռում է մարդկանց՝ դրդելով ընտրություններում նախապատվությունը տալ աջակողմյան պոպուլիստ թեկնածուներին:
Քլինթոնը կոչ է արել եվրոպացի ղեկավարներին հզոր ազդակ հղել՝ պարզ հասկացնելով, որ այլևս ի վիճակի չեն ընդունել ներգաղթյալներին ու նրանց ապաստան տրամադրել:
«Միևնույն ժամանակ, ես հիանում եմ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի սրտաբաց ու սրտացավ մոտեցմամբ, որը նա ցուցաբերում է ներգաղթյալների նկատմամբ ու որի համար այդքան շատ քննադատվում է: Սակայն հանուն ազնվության պետք է ասեմ, որ Եվրոպան իր հասանելիքն արել է, ու պետք է շատ հստակ ազդակ հղի առ այն, որ այլևս ի վիճակի չէ ներգաղթյալներ ընդունել ու նրանց ապաստան տրամադրել»,-ասել է Քլինթոնը:
Նա ընդգծել է, որ ներգաղթի հետ կապված խնդիրներին ռասայական նրբերանգներ հաղորդելով՝ Թրամփը կարողացավ հաղթել նախագահական ընտրություններում, ու Սպիտակ տանը հայտնվելուց հետո շարունակում է այդ քաղաքական գիծը:
Նախկին պետքարտուղարը նաև ասել է, որ հենց միգրացիոն ճգնաժամի պատճառով է տեղի ունեցել «Բրեքզիթ»-ը (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից):