Բնապահպանության նախարարությունը պասիվացել է. ՀԿ ներկայացուցչի գնահատականը և նախարարի պաշտոնակատարի արձագանքը
Այսօր Բնապահպանության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ բնապահպան, «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը հարց բարձրացրեց, որ թեև երկրում մթնոլորտ է փոխվել, բայց հասարակական խորհրդի նիստ այդպես էլ չի գումարվում:
«Ոչ միայն բնապահպանության ոլորտում, այլ նաև բոլոր ոլորտներում այդ ՀԿ-ների հետ կապերի խզում ենք նկատում: Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը շատ վատ է արվում: Բնապահպանության նախարարությունը պասիվացել է, բայց մենք միշտ շատ սերտ աշխատել ենք»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ խնդիրը երեք ամիսը մեկ հավաքվել և երեք ժամ խոսելուն չի վերաբերում, այլ պետք է կոնկրետ բովանդակային քննարկումներ լինեն:
«Ես կոչ եմ անմ, որ մեզ քննադատեն բովանդակային մեր աշխատանքների հետ կապված, ոչ թե հավաքվենք, ներկայացնենք՝ ինչ է արվում, ով ինչ ծրագիր է իրականացնում»,-ասաց նա: Էրիկ Գրիգորյանը նշեց, որ հասարակական խորհրդի նիստ չեն իրականացնում և ընդհանրապես այդ ֆորմատը վերափոխման կարիք ունի, Սիլվա Ադամյանը համաձայնեց նրա հետ, որ անհրաժեշտ է վերափոխում:
Ինչ վերաբերում է կենդանիների պաշտպանությանը, ապա նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ առումով ինստիտուցիոնալ օրենսդրական բաց կա: