Դեկտեմբերի 9-ին հանրությունն ընտրելու է ընդդիմություն, մենք հավակնում ենք դառնալ խորհրդարանի 2-րդ ուժը․ Էդմոն Մարուքյան
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ՀՀ պատմության համար իրապես շատ կարևոր դեր ունեն, քանի որ փակվելու է այն շրջափուլը, որը կապված էր հեղափոխության հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի 9-ից սկսվելու է կառուցելու, համակարգ ստեղծելու ժամանակաշրջանը, որտեղ, ըստ Մարուքյանի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունենալու է իր ուրույն դերը։
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտ է ներկայացնում՝ լինելու խորհրդարանի 2-րդ քաղաքական միավորը։ Ինչո՞ւ 2-րդ, որովհետև առաջին միավորի հարցն արդեն իսկ լուծված է։ Հեղափոխության կանոններն այդպես են՝ միշտ հեղափոխություն իրականացրած ուժը դոմինանտ աջակցություն է ունենում։ Դեկտեմբերի 9-ին ընտրելու են մյուս ուժերին, ընտրվելու է ընդդիմություն»,- ասաց նա։
Մարուքյանը նկատեց, որ իսկապես, քարոզարշավի ժամանակաշրջանը բավականին կարճ է, սակայն նրանք մշակել են ռազմավարություն, որը կծածկի հանրապետության ամբողջ տարածքը։
«Համամասնական քարոզարշավ իրականացնող խումբը, որը պետք է շրջի հանրապետության տարածքով, որը ես եմ գլխավորելու, կինի 47 համայնքում՝ խոշոր համայքներում և կանի այն, ինչ հնարավոր եղավ ժամանակի մեջ հասցնել։ Իսկ մյուս խումբը՝ տիկին Թանդիլյանի գլխավորությամբ, կլինի Երևանում, այսինքն՝ 2 ուղղությամբ քարոզարշավ ենք ներկայացնելու»,- ներկայացրեց Էդմոն Մարուքյանը։
Վերջինս՝ ներկայացրեց քարոզչական տեղակաթերթիկը, որտեղ կան նաև ռեյտինգային թեկնածուների մասին տեղեկություններով առաձին թերթիկներ։ Ասուլիսին ներկայացվեց նաև ԼՀ-ի քարոզարշավի երգն ու կարգախոսը։ Նրանց կարգախոսն է՝ «Լուսավորիր Հայաստանը», իսկ նախըտրական ծրագիրը բաղկացած է 35 էջից։